▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված լսել է ՀՀԿ-ականների ձայնը.Սերժ Սարգսյանը համաձայն է

Տեղեկացրել ենք, որ  Սերժ Սարգսյանը երեկ չի բացառել, որ ապրիլի 9-ից հետո վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել իր թեկնածությունը:

«Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար», ֊ ասել է Սերժ Սարգսյանը: ֊ «Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»:

Մեկնաբանելով 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում, Սարգսյան հայտարարել է․ ֊ «Երբ գործիչն ուզում է քաղաքական հայտարարություն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպես ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետության նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում և խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է»:

«Սերժ Սարգսյանը հայտարարեց վարչապետ դառնալու մասին, և եթե հավատանք ՀՀԿ ներկայացուցիչներին՝ շատ մոմ են վառել եկեղեցում և Աստված լսել է նրանց ձայնը: Իրականում պարզ էր, որ այսպես էլ լինելու է, Սերժ Սարգսյանն ուղղակի զգուշանում էր այդ մասին շուտ հայտարարելուց»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Լեզվաբան Նարինե Դիլբարյանի համար նույնպես պարզ էր, թե ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն.

«Եթե տվյալ գործիչը չէր պատրաստվում զբաղեցնել վարչապետի պաշտոնը, խորքային բոլոր փոփոխությունները տեղի չէին ունենա.սահմանադրական փոփոխություն և այլն»,-նշեց Նարինե Դիլբարյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին