Նկարչուհի Լաուրա Անդերսոնն ի վերջո կարողացել է հասնել նրան, որ հայտնի «կապիկ կնոջը»` Յուլիա Պաստրանային հուղարկավորեն Մեքսիկայում: Հուղարկավորությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը: Ավելի քան 153 տարի նա վախեցնում էր մարդկանց իր սարսափելի արտաքինով: Նկարչուհի Լաուրա Անդերսոն Բարբատան, գրեթե 10 տարի Նորվեգիայի իշխանությունների դատական քաշքշուկների մեջ է եղել` պահանջելով Յուլիայի աճյունը: Նրա կարծիքով` պարզապես անխղճություն է մահացած մարդու դիակը թանգարանում ներկայացնել որպես ցուցանմուշ, այն դեպքում, որ նա նույնիսկ կենդանության օրոք է ցուցանմուշ եղել. տեղեկացնում է lifenews.ru-ն:
Պաստրանան, որը ծնվել է 1834 թվականին, հայտնի է դարձել շնորհիվ իր ի ծնե ունեցած մուտացիայի: Նրա արտաքինը, մեղմ ասած, անսովոր ու յուրօրինակ էր. նրա ամբողջ մարմինը, բացառությամբ ձեռքերի ափերի և ոտնաթաթերի, ծածկված է եղել խիտ մազաշերտով: Իսկ մուտացիայի ենթարկված ծնոտը սովորական մարդու ծնոտի համեմատ չափազանց մեծ էր, ինչի պատճառով նա գազանի էր նմանվում: Կյանքի օրոք նրան անվանում էին «արջ կին» կամ էլ «կապիկ կին»: Հայտնի մենեջեր Թեոդոր Լենտի հետ հանդիպելուց հետո Յուլիայի մասին իմացավ ամբողջ աշխարհը, նա հյուրընկալվել է աշխարհի տարբեր երկրներում: 1857 թվականին Թեոդորն ամուսնանում է Յուլիայի հետ, 1860 թվականին ծնվել է նրանց որդին, որը ժառանգել է մոր արատները. տղան միայն մեկ օր է ապրել: Որոշ տվյալների համաձայն` Յուլիան և երեխան մահացել են ծննդաբերության ժամանակ` Մոսկվայում, որտեղ Յուլիան գտնվում էր իր համաշխարհային շրջագայության շրջանակներում: Յուլիայի և երեխայի մահից հետո բժիշկներն օգնել են Թեոդորին մումիֆիկացնել նրանց մարմինները, մումիֆիկացված մարմինների հետ վերջինս շարունակել է շրջագայությունները աշխարհում, քանի դեռ հանդիսատեսի հետաքրքրությունը չի կորել «աշխարհի ամենատգեղ կնոջ» նկատմամբ: