▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի ուղիղ խոսք միայն ավանակին կարելի է ասել

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․

Պուտինի բացահայտումները, մեսիջները․ եկել է ճշմարտության պահը

ՌԴ նախագահ Պուտինը բացահայտեց «Հավաստի աղբյուրի» պլանն ու մեսիջներ հղեց հայ ժողովրդին․

1. 44–օրյա պատերազմից ու կորուստներից հնարավոր էր խուսափել, եթե ՀՀ իշխանությունները համաձայնեին ազատագրված 5 շրջանները զիջել Ադրբեջանին, պահել Քելբաջարի ու Լաչինի շրջանները, նախկին ԼՂԻՄ տարածքով Արցախը՝ ներառյալ Շուշին ու Հադրութը, բայց Նիկոլ Փաշինյանը գնացել է այլ ճանապարհով։ Այսօրվա պատկերն այդ այլ ճանապարհի հետևանքն է (Փաշինյանն այդ ճանապարհն անվանում էր սեփական՝ զրոյական կետից մեկնարկող գործընթաց)։

2. Կա հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Վաշինգտոնյան պլան, որի համաձայն՝ Արցախը հանձնվելու է Ադրբեջանին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու հայ ժողովուրդը համաձայն են դրան, ապա Ռուսաստանը ձեռքերը կլվանա ու մի կողմ կքաշվի։

3. Պուտինը չի կարող հայերից ավելի հայ լինել ու պահանջել Արցախն Ադրբեջանից դուրս, եթե դա չի ուզում ՀՀ իշխանությունն ու հայ ժողովուրդը։

Ավելի ուղիղ խոսք միայն ավանակին կարելի է ասել։

Եվ այսպես, Պուտինն ասաց այն, ինչի մասին հայտնի էր։ Պատերազմից, հազարավոր զոհերից հնարավոր էր խուսափել, եթե չլիներ Նիկոլի որոշումը։ Դա, ի դեպ, խոստովանել է նաև Նիկոլը։ Թե ինչու է այդպես արել, կպարզեն համապատասխան մարմինները։

Եթե մինչև պատերազմը Նիկոլը գոռում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», ապա պատերազմից հետո նա քարոզում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»։

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ է ծնել Վաշինգտոնյան մոդելը՝ համաձայնելով Ադրբեջանի 5–կետանոց առաջարկին։ Այդ մասին Աստանայում ասաց նաև Ալիևը։

Դատելով նիկոլենց հակառուսական հիստերիայից՝ Վաշինգտոնյան մոդելին «այո» ասելն անձամբ Փաշինյանի որոշումն է, քանզի միայն այդ դեպքում է նա տեսնում Սահակաշվիլու կամ Տիխանովսկայայի պես երկրից փախչելու և Արևմուտքում ապաստան ստանալու հնարավորություն։ Դրա գինը լինելու է Հայաստանի կործանումը, բայց Նիկոլին բացառապես սեփական կաշին է հետաքրքրում։ Ինչպես միշտ։

Հիմա եկել է ճշմարտության պահը։ Կա՛մ մենք Նիկոլին, կա՛մ Նիկոլը Հայաստանին, Արցախին, բոլորիս ընտանիքներին, երեխաներին, ծնողներին։

Պետք է արտահայտվեն բոլորը՝ ՀՀ երեք նախագահները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, բոլոր քաղաքական ուժերը, գիտակրթական հաստատությունների ղեկավարները, ոստիկանները, զինվորականները, մշակութային գործիչները, հասարակական կառույցները, Սփյուռքի ներկայացուցիչները, նախկին ու ներկա պաշտոնյաները, գործարարները, բժիշկները, բանվորները, ուսանողները։ Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։ Մի խոսքով՝ բոլորը։ Լոլոների, խաղիկների, լղոզվելու տեղ չկա։ Կա՛մ, կա՛մ ․․․

Սա լինել չլինելու հարց է։ Սա Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի գոյաբանական հարցն է։ Սա մի կողմից՝ պատերազմի, ոչնչացման, մյուս կողմից՝ խաղաղության, զարգացման հարց է։ Սա կյանքի ու մահվան հարց է։ Սա արժանապատվության հարց է։ Եվ վերջապես՝ սա անվտանգության ու պետության հարց է։ Թուրքը մտնելու է Երևան, եթե այսպես մնա։

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ավելի ճիշտ՝ վռնդվի, և վե՛րջ։ Եթե սա չանենք, ապա ամոթ մեզ։ Կռիվը պետք է տալ մինչև վերջ ու հաղթական ավարտով։ Նահանջի տեղ չկա։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին