«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբկիրի թաղապետարանի մասին երեկ հրապարակած մեր լուրից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեղմ ասած, «ցունամի» է արել։ Նա թաղապետ Սուրեն Վարոսյանին ու իր նախկին վարորդին՝ «ստվերային» թաղապետ Սարո Գաբրիելյանին հրահանգել է սեղմ ժամանակում գտնել արտահոսքի աղբյուրը և զեկուցել իրեն, որ հարցերը լուծեն։ Տիգրան Ավինյանը, փոխանակ թաղապետարանում կարգուկանոն հաստատի, այդ մասին մամուլին տեղեկացնողներին է ուզում բացահայտել` միանգամայն ապարդյուն:
Ի դեպ, մենք իրավիճակի մասին մեր ստացած տեղեկատվության մի չնչին հատվածն ենք ներկայացրել` Արաբկիր վարչական շրջանում լիակատար անտերության վիճակ է: Օրինակ, քաղաքաշինության բաժնի պետը` սևանցի Դավիթը (նրան այդպես են ասում), մոտ մեկ շաբաթ աշխատանքի չի եկել, աշխատակիցներն ասում են` առանց թույլտվության մեկնել է արձակուրդ։ Թաղապետի մեկ այլ «լյուբիմչիկ»` Վահեն, երկու շաբաթ իբր բյուլետենի մեջ է եղել, բայց այդ օրերին Սևանի ափին գտնվող՝ իրեն պատկանող հանգստի գոտուն է տիրություն անելիս եղել։
Թաղապետ Վարոսյանն էլ, փոխանակ աշխատանքից բացակայողներին պատժի, ասում են` մտադիր է պատժել թաղապետարանի կոմունալ բաժնի 3 աշխատակիցներին, որոնք չեն պատասխանել թաղապետի հեռախոսազանգերին։ Այս 3 աշխատակիցները նման տույժի դեպքում մեկ տարի ժամկետով զրկվելու են պարգևավճարներից»։


