Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսին:
Այդ ասուլիսի ժամանակ Միրզոյանը ռուս գործընկերներին կոչ էր արել ճիշտ մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունների պատճառահետևանքային կապերն ու ժամանակագրությունը։
«Արարատ Սամվելովիչի (Միրզոյան-խմբ.) ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել։ Եվ փոխանակ օբյեկտիվ եզրակացություններ անելու, մասնավորապես, սեփական սխալներից ու սխալ հաշվարկներից, փորձ արվեց ամբողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Բայց դա ոչ մի հիմք չունի, քանի որ այդ սխալները մերը չեն։ Դրանք, ցավոք, պետք է դա ասեմ, պաշտոնական Երևանի սխալներն են»,- ասել է Զախարովան։