Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը, ուստի նշված թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը: Դրանից ելնելով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» որոշման նախագծին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս նախագիծը բուռն քննարկումների պատճառ է դարձել: «Առավոտյան այս հարցով ինձ մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը բուռն քննարկում է տեղի ունեցել: Մենք եկանք այն եզրակացության, որ պետք է այս ոլորտում մեր քաղաքականությունը լրջորեն վերանայենք ու այլ մեխանիզմներ ունենանք, որ քաղաքականությունն արդյունավետ լինի: Այս պահին կշարժվենք այն տրամաբանությամբ, որը մինչ այս գործել է՝ արձանագրելով, որ մենք այս հարցը պետք է լուրջ վերանայենք: Այն պահից, երբ մարզիկները դադարեցնում են իրենց մարզական գործունեությունը, տարկետումն այլևս նրանց վրա չի տարածվում և նրանք պետք է զորակոչվեն բանակ: Այսինքն, բանակից ազատման մասին խոսք չի գնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության նիստում քննարկված ևս երկու հարցի մասին՝ տեսանյութով:


