Նախօրեին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որով զգուշացնում էր առաջիկա գիշերվա ցրտահարության մասին, միաժամանակ խորհուրդ տալով վնասներից խուսափելու համար այգիներն ու բանջարանոցները առատ ոռոգել կամ կայուն ծխահարել: Ցրտահարության հնարավոր դեպքերի, վնասերի և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:
«Այս գիշեր մենք բարեբախտաբար լուրջ կորուստներ չունեցանք: Կարելի է ասել` վնասներ չենք կրել: Սակայն նախորդ գիշեր գրանցվեցին որոշ վնասներ` հատկապես Արարատի մարզի Արտաշատի և Մասիսի տարածաշրջաններում և Արմավիրի մարզի էջմիածնի տարածաշրջանի առանձին համայնքներում: Իհարկե, նշված տարածքներում դա համատարած բնույթ չի կրում: Խոսքն առանձին համայնքների և առանձին հողակտորների մասին է: Գոգավորությունների վրա, ավելի ցածրադիր հատվածներում գրանցվել է հողի մակերևույթի –1 աստիճան: Մասամբ տուժել են կարտոֆիլի, լոբազգիների և բանաջարանոցային որոշ մշակաբույսերի ցանքերը: Առանձին համայքներում նաև խաղողի այգիներում կան մասնակի վնասներ»:
Ի պատասխան այն հարցին` թե արդյոք նշված վնասները որևէ ձևով կանդրադառնա՞ն բերքատվության վրա, փոխնախարարը պարզաբանել է.
«Շատ կարևոր է, որպեսզի բնակլիմայական աղետներից հետո ճիշտ ագրոտեխնիկա կիրառվի: Նման իրավիճակներում առանձին միջոցառումներ են իրականացվում, որոնք կարող են շատ արագ վերականգնել հնարավոր կորուստները: Շատ բան դրանից է կախված: Եթե ոչինչ չարվի, բնականաբար կորուստներ կլինեն, իսկ համապատասխան միջոցառումների իրականացման դեպքում դրանք կհասցվեն նվազագույնի»
ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը մարզային կենտրոնների մասնագետների աջակցությամբ խորհուրդներ է տալիս գյուղացիներին` ժամանակ առ ժամանակ նաև հնարավոր վնասներից խուսափելու ցուցումներ տարածելով:
Փոխնախարարի խոսքով` նախորդ տարին շատ ավելի բարենպաստ էր, ավելի կայուն էին ընթանում ջերմաստիճանային ռեժիմի փոփոխությունները:
«Այս տարի կտրուկ փոփոխությունները շատ էին: Մարտ ամսին, անգամ փետրվարի սկզբին անսովոր բարձր ջերմաստիճան էր, ապրիլի սզբին` անկում, կրկին բարձրացում: Նման շեղումները բանկանաբար ցանկալի չեն և դժվարություններ են ստեղծում: Սակայն սա աննախադեպ չէ: Հորդառատ անձրևներով, ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով տարիներ եղել են: Պետք չէ զարմանալ, պարզապես պետք է ցանկացած իրավիճակում համապատասխան միջոցներ ձեռնարկել»: