«Ուզում եմ UCLA իմ վերապատրաստման ընթացքում մի բացառիկ վիրահատության մասին Ձեզ հետ կիսվել … Վերապատրաստմանս ամեն մի օրը յուրահատուկ էր ու անկրկնելի…
Անդադար կյանքի ու մահվան սահմանին էինք տրանսպլանտ վիրաբույժների թիմով …
Սեպտեմբերի 14. UCLA թիվ 16 Վիրահատարանում ընթանում էր հերթական բարդ լյարդի ուռուցքի վիրահատությունը։
Վիրահատարանում հնչեց հեռախոսի զանգն ու իմացանք, որ մեկ ժամից պետք է ինքնաթիռով թռչենք Միսսուրի նահանգ, 21 ամսական երեխայից օրգաններ վերցնելու նպատակով …
-Դոկտոր Հարությունյան եթե կուզեք կարող եք գալ մեզ հետ, լինելու է 3 ժամ տևողությամբ թռիչք անհատական ինքնաթիռով, մոտ մեկ ժամից պետք է մեկնենք։
-Իհարկե կգամ, մեծ սիրով կգամ, բայց անձնագիրս ինձ մոտ չէ։
-Անձնագրի կարիք չկա, Ձեր UCLA բեյջն արդեն իսկ բավարար է …
Վերջապես հասանք Միսսուրի, Կանզաս քաղաքի Children Mercy Hospital։
Վիրահատարանում էր գտնվում մի թուխ մաշկով, գանգրահեր սիրունիկ տղա, ով 2 օր առաջ՝ գանգուղեղային անդառնալի վնասվածքով հայտնվել էր հիվանդանոցում. տղայի մոտ հետազոտությունների արդյունքում ցավոք ախտորոշվել էր ուղեղի մահ, ինչը հավասարազոր է կենսաբանական մահվանը…
Ընթերցվեց դիակային մահն արձանագրվող հանձնաժողովի որոշումը, բալիկի ծնողների համաձայնությունը և մենք սկսեցինք վիրահատությունը։
Տղան իր մահից հետո պիտք է կյանք տար 2 այլ բալիկների (մեկին սիրտը, իսկ մեր UCLA կենտրոնում գտնվող պացիենտին որովայնի բոլոր օրգանները…)։
Զգացմունքների տեղատարափը որն ինձ պատել էր ուղեկցվում էր անսահման հետաքրքրասիրությամբ, չէ որ առաջին անգամ էի մասնակցում մանկական փոխպատվաստմանը, այն էլ բարդագույն՝ մուլտիվիսցերալ օրգանների ձեռք բերմանը։
Մեր տրանսպլանտ թիմով մերկացրեցինք օրգանների ամբողջական կոմպլեքսը (ստամոքս, 12 մատնյա աղիք, ենթաստամոքսային գեղձ, բարակ և հաստ աղիներ, լյարդ, փայծաղ), վայրկյաններ անց հատվեց աորտան, ամբողջ շրջանառող արյունը հեռացվեց օրգանիզմից և սրտային վիրաբույժի ձեռքերի մեջ աստիճանաբար դանդաղեց և կանգ առավ սառցե կտորներով շրջապատված փոքրիկի սիրտը …
Կանգ առավ պայմանով, որ մոտ 3-4 ժամ անց պիտի վերստին բաբախեր մեկ այլ բալիկի կրծքավանդակում՝ նրան կյանք ու լիարժեք առողջություն նվիրելով։
Բարեհաջող որովայնային օրգանները ձեռք բերելուց հետո Կանզասից վերադարձանք UCLA:
Վիրասրահում արդեն ընդհանուր անզգայացման տակ փոխպատվաստման համար պատրաստվել էր 3 ամյա աղջիկը։
Նա մի թմբլիկ սիրունիկ աղջիկ էր, նշաձև աչքերով, մաշկը դեղնավուն, ամբողջ մարմինը փոքր-ինչ այտուցված, իսկ որովայնի առաջային պատին՝ գաստրոստոմա, իլեոստոմա, կոլոստոմա։
Աղջկա մոտ ախտորոշվել էր աղիների բնածին ատրեզիա, Հիշպրունգի հիվանդություն, նորածնային հասակում կատարվել էր մի քանի վիրահատություն, այժմ ուներ կարճ աղիների սինդրոմ, աղիքային անբավարարություն, լյարդային անբավարարություն՝ ներառյալ լյարդի ցիռոզ և ուռուցք, 1-ին տիպի շաքարային դիաբեթ։
Աղջնակի ախտորոշումը՝ բարդություններով և ուղեկցող հիվանդություններով ինքնին հուշում էր, որ ծնված օրվանից տառապել է, բազում վիրահատություններ և միջամտություններ անցել, սակայն հոգատար բժիշկների համառության, ծնողների և իր ապրելու ցանկության ու պայքարի շնորհիվ վերջապես հասել էր փոխպատվաստման։
Վիրահատությունը նման էր ոսկերչության, դանդաղ սահուն անջատվում էին կպումներն ու արդեն անկենսունակ դարձած ներքին օրգանները։ Վիրահատության ընթացքում ես հասկացա, որ ինձ էլ են արդեն պետք խոշորացնող ակնոցներ, այդքան փոքր անոթները անջատելու և միացնելու համար։
Եվ ահա հեռացվեցին որովայնի խոռոչի օրգաններն ամբողջական փաթեթով և արդեն նոր օրգանների կոպլեքսը սառցեպատ տարայից տեխափոխվեց փոխպատվաստման համար։
Աստիճանաբար ձևավորվեցին անոթային անաստամոզները և սեղմակները հեռացնելուց անմիջապես հետո վայրկյանական անգույն թափանցիկ աղեգալարները լցվեցին արյունով ու ամբողջ աղեգալարները դարձան վարդագույն։
Ինչպիսի բարձունքի է հասել բժշկությունը, որ հնարավոր է դարձել կատարել նման բազմաօրգանային մուլտիվիսցերալ փոխպատվաստում…
Բայց արի ու տես, անմիջապես օրգաններով արյան անցումից անմիջապես հետո փոքրիկի ճնշումը կտրուկ սկսեց իջնել 80/40մմ սնդ սյուն …
Հմուտ անեսթեզիոլոգը ներարկվող դեղորայքի չափաբաժիններն ավելացրեց, սակայն միևնույնն է ճնշումը չէր կարգավորվում, լսվում էր հաճախացած սրտի աշխատանքի ձայնը 130-140 զարկ րոպեում, իսկ ճնշումը սկսվում էր իջնել… Ճնշումը 40/20 մմ սնդ. սյուն է, ասաց անեսթեզիոլոգը:
Վիրաբույժը մի պահ դադար տվեց վիրահատությունը և միաձայն բղավեցին արագ բերեք Crash cart -ը։ Կրաշ-քարթը արտակարգ բժշկական սայլակ է, որը պարունակում է բոլոր անհրաժեշտ սարքավորումները, դեղերը և պարագաները՝ հիվանդի սրտի կանգի կամ այլ ծանր արտակարգ իրավիճակների դեպքում անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Վայրկյաններ անց արդեն պատրաստ էր դեֆիբրիլյատոր սարքը, իսկ մենք քարացած հայացքով նայում էինք մոնիտորին, սրտի թրթիռով հետևում ճնշման անկմանն ու սրտի անկանոն աշխատանքին:
Այդ պահին վիրահատարանում գտնվող անձնակազմից յուրաքանչյուրիս սիրտն էլ էր արագ աշխատում և վստահ եմ բոլորիս ցանկությունն այդ պահին համընկնում էր, միայն թե չհանձնվի փոքրիկի սիրտը։ Անընդհատ մտքումս կրկնում էի «Դու պիտի ապրես փոքրիկ, այդքան ճանապարհն ու դժվարություններն անցնելուց հետո հանձնվել չկա…»։
Եվ ահա հերթական հրաշքը, 1-2 րոպե անց փորձառու անեսթեզիոլոգի կախարդական ներարկումներից հետո, վերջապես կարգավորվեց փոքրիկի ճնշումը, կարգավորվեց սրտի աշխատանքն առանց դեֆիբրիլյաֆոր սարքի օգտագործման …»,- ամիսներ առաջ բժիշկ Հայկ Հարությունյանի այս գրառումը ցնցել էր համացանցը ։
Այստեղ էր , որ բժշկի բարձր առաքելության լավագույն դրսևորումները մեկտեղվել էին ։
Բժշկական համալսարանի դոցենտ Հայկ Հարությունյանի 2015 թվականից ի վեր վերապատրաստումների արդյունքում էր , որ Հայաստանում սկսեցին 2019 թվականից լյարդի փոխպատվաստում կատարել։
Տեսանելի ապագայում լյարդ փոխպատվաստած թիմին է վերագրվելու այդ ոլորտում անդրանիկ վիրահատությունը։
Նշենք նաև , որ օրերս Հայկ Հարությունյանը ճանաչվել է «Մասնագիտական բարձր հմտություններ ունեցող, միջազգային փորձի փոխանակում կիրառող և բարձր վարկանիշ ունեցող վստահելի վիրաբույժ» ։