▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով. Սերժ Սարգսյան

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ։ 

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ եւ ծնողներ,

Սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Սեպտեմբերի 1-ին տրվում է ուսումնական տարվա մեկնարկը, եւ այդ պահից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով: Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց եւ բացահայտելու են գիտելիքների նոր ու զարմանահրաշ աշխարհներ:

Գիտելիքի կարեւորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է թե՛ յուրաքանչյուր ընտանիքում եւ թե՛ ողջ հասարակության մեջ: Կարեւոր եմ համարում, սակայն, Հայաստանի կրթական համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումների եւ դրանց ընթացքի մասին լուրջ հասարակական քննարկումները, քանի որ ժամանակներն ու նրանց պահանջներն անընդհատ փոփոխվում են, իսկ մենք միշտ պետք է լինենք արդիական:

Մեր աշակերտների եւ ուսանողների հաջողությունները միջազգային մրցասպարեզներում, իհարկե, մեզ ոգեւորում են եւ հուշում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց մեզ համար ավելի կարեւոր է կրթության համընդհանուր մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտ են դպրոցների եւ համալսարանների այնպիսի շրջանավարտներ, ովքեր մրցունակ կլինեն եւ իրենց տեղը կգտնեն կյանքում ու աշխատանքում: 
Մաղթում եմ, որ բոլորս միասին զինվենք նոր գիտելիքներով եւ դառնանք ավելի ուժեղ, քանի որ «գիտելիքը ուժ է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին