ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Երեկ Երևանի կենտրոնում մեծ շուքով բացված Փակ շուկայի գետնանցումը չունի թեքահարթակ:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 4 հոգով կարմիր ժապավենը կտրելուց հետո ավետեց. «Փակ շուկայի գետնանցումը մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցինք շահագործման և երևանցիների գնահատականին»:
Բայց նորոգման արդյունքում ոչ միայն օրինազանցություն է գրանցվել, այլև մարդու իրավունքների ակնհայտ խախտում. ինչպե՞ս պետք է սահմանափակ կարողություններով մարդիկ, մանկասայլակով անցորդները օգտվեն գետնանցումից...
Այնպես որ, գնահատականը՝ անբավարար, այս ստուգարքն էլ չհանձնեցիք, Տիգրան Ավինյան»:
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե շատ լավ է, որ հիմնանորոգվել է Փակ շուկայի դիմացի գետնանցումը, բայց որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչո՞ւ այն կահավորված չէ հաշմանդամություն ունեցող անձանց կամ մանկասայլակների համար: Երբ անհրաժեշտություն կա այս թեմայով շոու անելու՝ անում ենք, երբ գործնական փուլ ենք անցնում՝ ավելորդ ջանք չենք դնում: Որտե՞ղ են թեքահարթակները»: |