Այսօր` փետրվարի 11-ին, Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Ազարյանի ծնունդն է: Լեգենդար մարզիկը դառնում է 85 տարեկան:
Նա ծնվել է Գանձակում արհեստավորի ընտանիքում: 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։ 1948-52թթ. սովորել և ավարտել է Հայկական ֆիզկուլտուրայի
տեխնիկումը: Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ
զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։ 1952թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, այնուհետև` Ֆրանսիա:
1956թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն
օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին`
նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում` օղակներից։ 1960թ. Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1961թ. ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։
1964 թվականին ավարտել է մարզական գործունեությունը` անցնելով աշխատանքի Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն։
1964-2000թթ. եղել է Օլիմպիական խաղերի պատվավոր հյուր։
2000թվականին նրան շնորհվել են «Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի» և «Լոռվա
ասպետ» կոչումները։ Երևանի քաղաքապետարանի ՕՀ մարմնամարզության մարզադպրոցն անվանակոչվել է նրա անվամբ։
2000 թվականին ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը։
ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն է և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։