Գյումրիում սպանության հարցի շուրջ կարծիքներ արտահայտողները այնքան շատ գրեցին ՛՛ռուսատյացություն՛՛ բառը, որ այն դարձավ սովորական, առօրեական բառ: Մինչդեռ դա խիստ պարտավորեցնող, ռասիզմին ու ֆաշիզմին հավասարվող բառ է: Եկեք հասկանանք՝ կա՞ իսկապես Հայաստանում ՛՛ռուսատյացություն՛՛: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում ակտիվ խրախուսվող բազմաթիվ սափրագլուխներ բազմաթիվ անգամներ միտումնավոր, ազգային պատկանելության համար, սպանություններ են իրականացրել մետրոներում, փողոցներում, մուտքերում, դպրոցների մոտ, այդ թվում՝ սպանել են բավականաչափ հայերի: Նույնիսկ՝ դպրոցահասակ: Սրանց մենք տեղյակ ենք: Գոնե՝ առանձին դեպքերի: Բարեբախտաբար, երիցս բարեբախտաբար Հայաստանում այս կամ այն ազգային պատկանելության, այդ թվում՝ ռուս լինելու համար որևէ սպանություն չի կատարվել: Համենայն դեպս հանրությունը դրան տեղյակ չէ: Հայաստանի պետությունը երբևէ պաշտոնապես մտահոգություն չի հայտնել Ռուսաստանում իր քաղաքացիների, նաև հայազգի մարդկանց սպանությունների առիթներով: Նույնիսկ այն դեպքերում, երբ դատարանը հաստատել է կոնկրետ սպանության շարժառիթը՝ հայատյացությունը կամ դրա քարոզը: Անշուշտ շատ հավանական է, որ Պերմյակով ազգանունով ռուս տղան Հայաստանում հայկական մի ողջ ընտանիք սպանդի է ենթարկել ոչ ազգային ատելության շարժառիթով: Չի բացառվում նաև հակառակը: Հիմա տարբեր ձևերով պնդում, խնդրում, առաջարկվում է այդ վարկածը նույնիսկ չքննարկել, դրա մասին առհասարակ չխոսել՝ ՛՛հանցագործը ազգային պատկանելություն չունի՛՛ միանգամայն իրավացի ձևակերպմամբ: Բայց ՛՛հանցագործը ազգային պատկանելություն չունի՛՛ այն դեպքում, երբ հանցագործության շարժառիթը սպանվողի ազգային պատկանելությունը չի: Թուրքիայում հայերին կոտորելիս հազիվ թե ջարդարարների մեջ գտնվեին հույներ, ասորիներ, որոնց մեջ, անշուշտ, կարող էին լինել և հավանաբար անպայման կային քրեական հակումներով պոտենցիալ և գործնական հանցագործներ: Այսպիսի դեպքերում ինչպես հանցագործության զոհը, այնպես էլ հանցագործները միանգամայն հաստատված ՛՛ազգային պատկանելություն՛՛ ունեն: Կոնկրետ դեպքում դրանք թուրքեր, քրդեր և ՛՛չերքեզներ՛՛ հավաքական անունով հայտնի նախկին կովկասցի մահմեդականներ էին: Որովհետև ՛՛հայատյացությունը՛՛ ներդրվում էր այդ ինքնության կրողների մեջ: Բացառություններ, իհարկե, կարող էին լինել: Գյումրիում կատարված սպանության դեպքում հայկական չեղած ՛՛ռուսատյացության՛՛ թեմայի և ՛՛հանցագործը ազգային պատկանելություն չունի՛՛ ձևակերպումների ակտուալացումը սկզբից ևեթ քննչական մարմինների վրայից հանում է ՛՛հայատյացության՛՛ տարբերակը պարզելու պարտավորությունը: Մինչդեռ այդ երևույթը Ռուսաստանում խրախուսվում է որոշակի քաղաքական շրջանակների կողմից, և ամեն ինչից զատ՝ այդ թեման այսօր խիստ արդիական է: Նախ՝ հայատյացության ակունքները հասկանալը, հետո՝ ՛՛ռուսատյացության՛՛ բացառումը կամ հաստատումը: Հատկապես՝ վերջինը: Հայաստանի բնակչության մի մասը խիստ բացասաբար է վերաբերում ռուսական պետական քաղաքականությանը: Այս երևույթը հավուր պատշաճի ներկայացնելու, քննարկելու, հասկանալու փոխարեն շրջանառության մեջ դրված մտացածին ՛՛ռուսատյացություն՛՛ տերմինը կարծեք թե փակում է ռուսական պետական քաղաքականության քննարկման հնարավորությունը,-այն անմիջապես երանգավորվում է ՛՛ռուսատյացությամբ՛՛: Ո՞ր վերլուծությունն է հաստատել դրա առկայությունը: Որտե՞ղ եք Հայաստանում տեսել ռուսատյացություն: Նույնիսկ այս բառը գրելիս ես ինձ վատ եմ զգում: Իմ բազմաթիվ ռուս ընկերները մարդասիրության, ազնվության, վեհանձնության, օրնականության և օրինապահության տիպար են: Բայց ազգատյացության անգերազանցելի նմուշ է Ռագոզինը: Հիմա ես նրանց ինչպե՞ս համեմատեմ: Այլազգիներին սպանում են պաշտոնյա Ռագոզինի ռագոզինյան ՛՛հպատակները՛՛, վատ են զգում, ամաչում և դատապարտում իմ ռուս ընկերները: Ես, այո, ատում եմ ՛՛ռագոզինյան հպատակներին՛՛, սա ռուսատյացությու՞ն է: Գյումրիում իրենց տանը քնած ընտանիքի սպանդն իրականացնողը, իրավապահների հաղորդմամբ, առնվազն քսանմեկ կրակոց է արձակել: Կրակահերթո՞վ: Նորածին երեխային էլ սվիններով է հարվածել: Սա մեզ ՛՛առանձնակի դաժանության՛՛ հուշում չէ՞: Երեխան հո վկա չէ՞ր կարող լինել: Այսպիսի դաժանությունները սովորաբար հետևանք են կամ ատելության, կամ անհատական վրեժի, կամ՝ սոցիալական վրեժի: Ազգատյացության գործնական կիրառումը եթե ֆաշիզմի հետևանք չէ, ապա առնվազն սոցիալական վրեժի տարբերակ է: Ի՞նչ եք առաջարկում՝ սկզբից ևեթ բացառե՞լ այս տարբերակի հնարավորությունը: Հապա ի՞նչու էինք մեղադրում ՀՀ ԱԳՆ-ին՝ Ռուսաստանում ռագոզինների հպատակների կողմից հայերի սպանությունների նկատմամբ կրավորական անտարբերությամբ հայտնի դեպքերի համար: Ցավոք, հանցագործությունները երբեմն կատարվում են ազգային հողի վրա, և այս դեպքերում ՛՛հանցագործն ազգային պատկանելություն ունի՛՛, առնվազն՝ սոցիալական: