Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին
Ես Սյունիքի աշխարհազորի Ս.Ա234 ազատամարտիկ, գնդացրորդ Աշոտ Միհրանի Իսախանյանս բաց նամակով դիմում եմ ձեզ ` հույս ունենալով, որ դուք, որպես հայ, կունենաք նամուս և թասիբ, և այս բաց նամակիս կտաք համապատասխան դրական ընթացք և կպատասխանեք դրականորեն:
Պարոն Գերագույն գլխավոր հրամանատար, Դուք Ձեր խղճին կարո՞ղ եք պատասխան տալ, որ ամեն օր մեր սահմաններից 18 տարեկան էրեխեքի դիակներ են բերում:
Կարո՞ղ եք պատասխան տալ այդ անփորձ 18 տարեկան երեխաների ծնողներին: Լավ գիտեք, որ այդ էրեխեքի արյունը ու իրենց դիակները կծանրանան Ձեր խղճին: Խոսում եք Ցեղասպանության մասին, բայց Դուք եք գենոցիդ հայտարարել ժողովրդին ու ազատամարտիկներիս: Ժողովրդին հայտարարել եք սոցիալական գենոցիդ, բոլորին դարձնում եք ստրուկներ կամ մուրացկաններ, իսկ ազատամարտիկներիս լցրել եք բերդերն ու գաղութները: Դուք Գերագույն գլխավոր հրամանատարն եք ու շատ լավ գիտեք, որ պաշտպանողները մենք ` ազատամարտիկներս ենք: Եթե հույսներդ դրել եք այդ 18 տարեկան անփորձ էրեխեքի վրա, իմացեք, որ սխալվում եք և Դուք, և պաշտպանության նախարարը: Խոսում եք պատվից ու թասիբից, սակայն ազատամարտիկի ընտանիքը գիշերը քնում է դրսում, այն էլ Բաղրամյան 26 հասցեում` նախագահի նստավայրի դիմաց:
Դա՞ է Ձեր թասիբն ու նամուսը: Հայաստանը դարձրել եք բռնապետական երկիր: Ազգային ժողովում պատգամավորներն իրար են հայհոյում, Ազգային ժողովում պատգամավորներն ու նախարարները իրար միս են գզում, դարձել են շուն ու կատու:
Շարմազանովը հայտարարում է` եթե ուզում եք աշխատանք ու պաշտոն, պետք է անցնեք Մելիք Ադամյան փողոցով: Դա՞ է ազատ, անկախ Հայաստանը: Եթե Աշոտ Նավասարդյանը ողջ լիներ, հաստատ կփոշմաներ, որ Հանրապետական կուսակցությունը ստեղծել է: Սա Աշոտ Նավասարդյանի ստեղծած Հանրապետական կուսակցությունը չէ: Աշոտ Նավասարդյանը, Մովսես Գիորգիսյանը հիմք են դրել Ազատ, Անկախ Հայաստանի համար: Անգամ Ադրբեջանի նախագահը միլիոններ ծախսեց ու Սաֆարովին բերել տվեց, ազատեց, հզորացրեց ու կուռք սարքեց, իսկ Հայաստանում մեզ` ազատամարտիկներիս լցրել եք բերդերն ու գաղութները:
Պարոն Գերագույն գլխավոր հրամանատար և Պաշտպանության նախարար, ազատեք բոլոր ազատամարտիկներիս բերդերից ու գաղութներից, զինեք և ուղարկեք պաշտպանելու մեր Հայաստանը, մեր Արցախը: Ավելի լավ է զոհվեմ զենքը ձեռքիս թուրք սատկացնելուց, քան թե փտեմ բանտերում: Ես հույս ունեմ, որ ունեք նամուս և թասիբ, ու իմ բաց նամակին կտաք դրական ընթացք:
Հարգանքներով` Սյունիքի Աշխարհազորի Ս.Ա234 ազատամարտիկի գնդացրորդ Աշոտ Իսախանյան
ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ