▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնավուրը տեղյա՞կ էր արդյոք, որ իր խոսքն օգտագործվելու է մամուլում.զրույց՝ հոդվածի հեղինակի հետ.civilnet.am

Թուրքական Posta թերթի նոյեմբերի 2-ի համարում հարցազրույց էր հրապարակվելՇվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ, որտեղ նա մի շարք հայտարարություններ էր արել («ինքը չի շարժվում Հայաստանի հրահանգներով», «թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը»), որոնք հայաստանյան մամուլում տարաբնույթ արձագանքների էին արժանացել։

Հրապարկման մեջ նշվում էր նաև, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Ազնավուրին «Ոսկե սոսի» մրցանակ է հանձնել և հրավիրել Թուրքիայում համերգ տալու: Հայաստանի արտգործնախարարությունը նոյեմբերի 5-ին հանդես եկավ հերքմամբ` նշելով, որ «Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»:

ՍիվիլՆեթը կապ է հաստատել Posta թերթի խմբագրության և հոդվածի հեղինակ, թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանի հետ:

Լուրի պատասխանատու խմբագիր Սերքութ Պոզքուրթը ՍիվիլՆեթի հետ զրույցում պնդել է, թե «600 հազար տպաքանակ ունեցող թերթում անհնար է իրականությանը չհամապատասխանող լուր գտնել»: Նա հրաժարվել է նաև լուրը հավաստող հավելյալ փաստեր տրամադրելուց:

Հայտնի թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը, իր հերթին, հաստատել է հանդիպման [ռեստորանի հասցեն` Le Petit Pergolese rest, 38 rue Pergolese, 75116 Paris, France] և Ազնավուրի կողմից մրցանակի ընդունման փաստը:

ՍիվիլՆեթի հարցին, թե Ազնավուրը, մասնակցելով ճաշկերույթին, տեղյա՞կ էր արդյոք, որ իր խոսքն օգտագործվելու է մամուլում, Օզերմանը դրական է պատասխանել: Նա պնդել է, որ իրենք հաճախ են հանդիպում Ազնավուրի հետ և զրուցում հայ-թուրքական հարաբերությունների մասին:

«Այս հանդիպման նպատակը Ազնավուրին և Թուրքիայի դեսպանին միմյանց հետ ծանոթացնելն էր, և ես չեմ գրել նրանց զրույցի մանրամասների մասին: Ես զրույցի դիվանագիտական և քաղաքական կողմը չեմ կարևորել, այլ ցանկացել եմ հանրությանը ներկայացնել Ազնավուրի կառուցողական և մարդասիրական մտքերը: Նա ցանկանում է բաց տեսնել հայ-թուրքական սահմանը»,-ասել է Օզերմանը:

ՍիվիլՆեթի ճշտող հարցին` արդյոք հրապարակման մեջ տեղ գտած մտքերն Ազնավուրն արտահայտել է հենց ճաշկերույթի՞ ընթացքում, թե՞ դրանք ընդամենը թուրք պրոդյուսերի ենթադրություններն են` հիմնված նախկինում շանսոնյեի արտահայտած մտքերի վրա, Օզերմանը պատասխանել է. «Ինչ տարբերություն` գրածներս նրա մտքերն են: Ես կոլաժ եմ արել: Նա, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, մտահոգ է իր ժողովրդի ճակատագրով և հենց այս պատճառով էլ կողմ է հայ-թուրքական բարեկամությանը»:

Հարցին, թե ի վերջո, հարցազրո՞ւյց էր դա, թե՞ միայն հանդիպում, Օզերմանն ասել է. «Մենք նրան շատ ենք գնահատում, և ուզում ենք անպայման հանձնել «Ոսկե սոսի» մրցանակը: Ես լսել եմ` ասում են` Ազնավուրը 90 տարեկան է, ու նրան կարելի է մատների վրա խաղացնել, բայց այդպես չէ: Նա առողջ է և առողջ դատողություն ունի: Հանդիպում տեղի ունեցել է, Ազնավուրը մրցանակն ընդունել է, և ես կտրամադրեմ ձեզ լուսանկարներ»:

Անդրադառնալով հրապարակման մեջ Ազնավուրի արտահայտած մտքին, թե իր մայրը թուրք է, Օզերմանը պարզաբանել է. «Ազնավուրը նկատի ուներ իր մոր` Թուրքիայի քաղաքացի, այսինքն` թուրքիացի լինելը, քանի որ Թուրքիայում անկախ էթնիկ ծագումից` բոլոր բնակիչները համարվում են թուրք»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Թուրքական Posta թերթի նոյեմբերի 2-ի համարում հարցազրույց էր հրապարակվել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ, որտեղ նա մի շարք հայտարարություններ էր արել («ինքը չի շարժվում Հայաստանի հրահանգներով», «թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը»), որոնք հայաստանյան մամուլում տարաբնույթ արձագանքների էին արժանացել։
Հրապարկման մեջ նշվում էր նաև, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Ազնավուրին «Ոսկե սոսի» մրցանակ է հանձնել և հրավիրել Թուրքիայում համերգ տալու: Հայաստանի արտգործնախարարությունը նոյեմբերի 5-ին հանդես եկավ հերքմամբ` նշելով, որ «Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին