▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա դա տղավարի կլինե՞ր, պապ. Շուշիում զոհված 18-ամյա Էրիկը հրաժարվել է Երևան գալ. նրա դին գտել են՝ զենքը ձեռքին

18-ամյա հերոս զինվոր Էրիկ Լեռնիկի Հովհաննիսյանն անմահացավ Արցախում, բռնելով հավերժի ճամփան։ Լուսավոր ու պայծառ, ազնվագույն ու շիտակ, բարեսիրտ ու նվիրյալ, մարդկային ամենավսեմ հատկանիշները կրող տղան թեև ապրեց կարճ, բայց իմաստալից կյանք, ու իր մնացյալ չապրած տարիները նվիրաբերեց հայրենիքին ու յուրաքանչյուր հայի, որ ապրենք ու արժանի լինենք իր ու իր նման հերոսների հիշատակին։

Էրիկը ծնվել է 07.05.2002թ Երևանում, սովորել է թիվ 197 դպրոցում։ Երևանի պետական բժշկական համալսարանի բազային բժշկական քոլեջի շրջանավարտ էր, ատամնատեխնիկ մասնագիտացմամբ: Դիպլոմը ստանալուն պես, 2020 թ հուլիսի 3-ին զորակոչվեց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ Արցախի հանրապետություն։ Մեկնեց շատ ուրախ, ոգևորությամբ։ Առողջական խնդիրներ ուներ ողնաշարի հետ կապված, բայց ռազմաբժշկական հանձնաժողովում հետազոտվելու ժամանակ չէր բարձրաձայնել այդ մասին, ուզում էր ծառայել։

Нет описания.

Հրաժեշտից առաջ հորը հորդորեց չմտածել, չանհանգստանալ, հավաստիացրեց, որ ամեն բան լավ է լինելու, պատվով կծառայի, կվերադառնա։ Շատ նպատակներ ու երազանքներ ուներ։ Ծառայության անցավ ԱՆ Հադրութի թիվ 38 401 զորամասում /13 ուսումնական վաշտ, 5-րդ գումարտակ/։ Հեռախոսային խոսակցության ժամանակ այնքան ոգևորված էր խոսում ծառայության մասին, անհամբերությամբ էր սպասում դիրքեր բարձրանալուն։ Կարճ ժամանակում հավանաբար աչքի էր ընկել, քույրիկին ասել էր, որ սերժանտի կոչում են ուզում տալ, բայց իր սրտով չէ, ինքն իրեն պատրաստ չէր համարել։

Нет описания.

Ընդամենը 2 ամսվա և 24 օրվա ծառայող էր Էրիկը, երբ սկսվեց պատերազմը։ Նենգ ու դաժան պատերազմի 1-ին օրվանից մինչև վերջին օրը քաջ ու առյուծասիրտ տղան՝ ոգեշնչված հայրենիքը պաշտպանելու իր վեհ գաղափարով, հերոսաբար ու անմնացորդ նվիրումով կռվել է ամեն մի թիզ հողի համար, տալով մեզ համար ամենաթանկը՝ իր մատղաշ ու երազանքներով լի կյանքը։ Հետագայում հարազատներն իմացել են, որ Էրիկը հերոսաբար կռվել է Հադրութի, Ֆիզուլիի, Ասկերանի, Մարտունիի, Քարինտակի, Շուշիի համար մղված թեժ մարտերում։ Շատ կարճ հեռախոսային կապի ժամանակ Էրիկից հարազատները լսել են միայն, որ ամեն ինչ լավ է, չանհանգստանան, երբեք չի տրտնջացել, չի բողոքել, չի դժգոհել, ձայնի մեջ անգամ ոգի կար։

Нет описания.

Վերջին զանգը եղել է նոյեմբերի 6-ին, արդեն մի քանի օր Շուշիի մատույցներում էին, ասել է, որ նախորդ օրն իրեն առաջարկել են Երևան գալ մեքենայով, բայց ինքը հրաժարվել է, երբ հայրն ասել է՝ «բա գայիր, տղա ջան», որդին կտրուկ պատասխան է տվել՝ «բա դա տղավարի կլինե՞ր, պապ ջան»։

Нет описания.

Զինադադարից հետո ընտանիքին իմացել է, որ նոյեմբերի 7-ին Շուշիի պաշտպանության համար մղվող մարտում իրենց հերոս տղան զոհվել էր սրտի և թոքի բեկորային վիրավորումից (զրահաբաճկոն չէր եղել հագին)։ Նրա մարմինը դուրս են բերել մեկ շաբաթ անց՝ զենքը ձեռքին։ Հարազատները հետագայում նրա զինակից ընկերներից իմացել են, որ Էրիկը հետախույզ էր, դիպուկահար ու էլի, ու էլի․․․ ու ամենա-ամենա «դուխով» տղան ․․․ Այնքան համեստ էր, զուսպ, երբեք ոչինչ չի պատմել իր սխրանքների մասին։

Нет описания.

Մեծ հայրենասեր էր ու մարդասեր, անդավաճան էր ու նվիրյալ, հերոս, ով գիտակցաբար անմահացավ՝ հանուն հայրենիքի… Lույս էր, լույս մնաց ու լույս դարձավ

Հավերժ փառք ու խոնարհում․․․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին