▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա ի՞նչ էիք ուզում...

Ինչու՞ և ինչի՞ց սկսվեց մեր հասարակության այսչափ բացասականացումը: Ինչու՞ են մարդիկ չարացել, անհանդուրժող են միմյանց հանդեպ, անհարգալից ու ագրեսիվ:

Կարծում եմ՝ շատերն են խորհել այս հարցի շուրջ, մանավանդ, եթե մտահոգվողները մտածող մարդիկ են...

Ինչ ասել է` հանրային հեղինակություն:

Այդպիսին` ծնվում են...

Ժամանակակից մտքի որևէ հնարամտություն,կոչվի այն գովազդ, թե բիզնեսային լեզվով ասած` «ռասկրուտկա» /օտար բառի գործածության համար ներողություն /,գոնե մեր, հայ իրականության մեջ, հանրային հեղինակություններ «բուծելու»  որևէ հնարավորություն չունեն:

Խոսքերիս ճշմարտացիությունն այսօր բազմաթիվ ապացույցներ ունի:Բավական է միայն թերթել ֆ.բ.-յան էջերը...

Եկեք անուններ թվարկենք: Անուններ,որ գրված են մեր ժողովրդի պատմության հավերժության էջերում...Կասեք այդ մարդիկ հանրային հեղինակություններ են դարձել որևէ գովազդային հնարամտության շնորհիվ: Համեմատելի որևէ բան գտնում եք` նրանց և մեր օրերի վիճակագրության հետ: Համեմատելն, անգամ, ամոթալի է:

Եվ ահա, խնդրեմ.անգրագիտության ու մարդկային ցածր որակների պարունակությամբ` «թիմային» հաջողության հասած ինքնակոչ հեղինակությունների վաստակած փառքն ու դափնիները, փոխհատուցվում են` ըստ արժանավույն:Բայց ինչ արժեցավ այն` մեր հասարակության համար:

Ահավասիկ, խնդիրն այստեղ է...

Երբ հասարակությունն սկսում է հասկանալ, որ որպես հանրային հեղինակություն հանդիսացող, կամ ավելի ճիշտ, որպես այդպիսին ներկայացվողն իրենից տարբերվում է միայն հեռուստաէկրաններին հաճախակի երևալու հանգամանքով, բայց և փառք է վայելում՝ ապրելով շքեղության մեջ` իր չունեցած տաղանդի շնորհիվ, մինչդեռ շատ ավելի արժանիներ զրկված են այդպիսի հնարավորություններից,ինքնաբերաբար,լցվում է անվստահությամբ ու արհամարանքով:

Հանրային հեղինակությունը նա է, ով բացի իր պրոֆեսիոնալ կարողություններից, նվաճումներից, կրթվածության ու ինտելեկտուալ ունակություններից, նախ և առաջ, մարդ քաղաքացի է, ով տիրապետում է մարդկային բարձր արժեքների:Որևէ հանճարեղ հնարամտություն ի զորու չէ սիրո ու հարգանքի արժանացնել ինչ որ մեկին, ինչ է`այդպես է պահանջում շահը:

Երբ Դու հասարակությանը փոխանցելու արժեքավոր ոչինչ չունես, քո իմացությամբ, իմաստությամբ, բարոյական արժեքներով չես վաստակել հարգանք ու ճանաչելիություն, հասարակության մեջ հանրային հեղինակություն դառնալու որևէ հնարավորություն չունես: Ավելին՝ վաղ, թե ուշ ստիպված կլինես ճաշակել քո ձախողված պատրանքների ողջ ծիծաղելի գեղեցկությունը:

Ահավասիկ, իրական հեղինակություններից զուրկ ու գովազդային հեղինակությունների փառաբանման իրականության մեջ ապրող հասարակությունը, ուզեր-չուզեր,պետք է իր շուրջն հենց մերօրյա զարգացումներ ձևավորեր:Ինքնաբերաբար,դուրս են մղվում հասարակության համար կարևորագույն ավանդույթներ, առանց որոնց, յուրաքանչյուրն իրեն` ում տեղն ասես կարող է երևակայել:Այսօր մեզանում բոլորը քննադատներ են, քաղաքական գործիչներ,խորհուրդ տվողների մրցապայքարում հաղթանակած են բոլորը,մի խոսքով,ունենք այն, ինչ վաստակել ենք արդյունքում: Այստեղից էլ ողջ` բացասականը:

Մինչդեռ կենսունակ պետականություն ստեղծելու հիմքում, հենց այս խնդիրների լուծումը պետք է համարվեր առաջնահերթություն: Հեղինակավոր մարդիկ մեզանում դեռ կան: Պարզապես, «առաջնահերթությունն» այլ դռներ է բախում,արհամարված թողնելով արժանիներին: Եվ չնայած որ արժեքավորն իր վաստակի շնորհիվ, արդեն իսկ,մնայուն արժեք է,սակայն ինչ օգուտ, եթե զուրկ է պիտանի լինելու հնարավորություններից:

Իսկ հասարակությունը փոխհատուցում է,ավաղ, իր համար`բացասական, բայց համարժեք գնահատականներով:

Բա ինչ էիք ուզում:

Ազատ Աբրահամյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին