Արդեն տեղեկացրել ենք, որ Վարչապետ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր և ՊԲ զորամասերից մեկում ներկա գտնվել նորակառույց ճաշարանի բացմանը:
Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է ներկայացրել ու գրել․
Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկն արդեն նորակառույց ճաշարան ունի։ Այն եւս կգործի բանակում սննդի մատակարարման ու մատուցման նոր կարգով։
Ուրախ եմ, որ զինված ուժերում սննդի մատակարարման այս նոր ձեւաչափը օրեցօր ընդլայնվում է։
Ի դեպ, կադրերում երևում է , որ բացմանը մասնակցում է նաև «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, ով վարչապետին ներկայացնում է նորակառույց ճաշարանին։
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարարության որոշմամբ Հայաստանի զինված ուժերի զորամասերում եւ դիրքերում զինծառայողների սննդի կազմակերպումը փորձնական ծրագրով վստահվեց մասնավոր կազմակերպություններին, որոնցից մեկը հենց հայկական ռեստորանային ոլորտի առաջատարներից «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն է:


