▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարեփոխումները հնարավորություն կտան Հայաստանին լինել ավելի ժողովրդավար, անվտանգ և հաջողակ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի  պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարտին Զոնեբորնին:
Վարչապետը ողջունել է պրն. Զոնեբորնին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանում նրա հայանպաստ գործունեության համար՝ հատկապես Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին և այդ համատեքստում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:


Վարչապետն անդրադարձել է ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխությանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում, և նոր կառավարության քայլերն ուղղված են երկրում ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի անկախությանը, տնտեսության ոլորտում մենաշնորհների վերացմանը և նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս բարեփոխումները հնարավորություն կտան Հայաստանին լինել ավելի ժողովրդավար, ավելի անվտանգ և ավելի հաջողակ:
Մարտին Զոնեբորնը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ժողովրդավարական գործընթացները և տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած ռեֆորմները: Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունների օրակարգը հաջողելու գործում կողմերը կարևորել են Եվրոպական միության և եվրոպական կառույցների աջակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին