▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից

ԱՄՆ-ում կայացած հյուրախաղերի ընթացքում հումորիստ Վաչե Թովմասյանի ծաղրական արտահայտությունները՝ Բելգիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանի վերաբերյալ, վիրավորել են տեղի հայ համայնքին և դիտարկվել որպես անհարգալից վերաբերմունք։

Բելգիայի հայ համայնքի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով դերասանի պահվածքը և նշելով.

«Բելգիայի հայ համայնքի կոմիտեն հարկ է համարում արձագանքել վերջին օրերին լայն քննարկման առարկա դարձած իրավիճակին, որը կապված է հումորիստ Վաչե Թովմասյանի հետ։

Հիշեցնենք, որ դերասանը իր նախորդ այցի ընթացքում Բելգիա արժանացել էր բացառապես ջերմ և հյուրընկալ ընդունելության մեր համայնքի կողմից։ Նրա այցը կազմակերպվել էր համայնքային կառույցների աջակցությամբ և տեղի հոգևոր հովվի՝  Հայր Զատիկի օրհնությամբ ու մասնակցությամբ։ Մեր համայնքը մշտապես բաց է եղել մշակութային նախաձեռնությունների համար և մեծ պատրաստակամությամբ աջակցել է հայ արվեստագետներին։

Ցավով և վրդովմունքով տեղեկացանք, որ ԱՄՆ-ում կայացած հյուրախաղերի ընթացքում հումորիստի ներկայացումներից մեկում հնչել են գռեհիկ և վիրավորական արտահայտություններ, որոնք ուղղված են եղել ինչպես  Բելգիայի հայկական համայնքին, այնպես էլ Հայր Զատիկին։

Նշված սկեչը չի ընկալվել որպես արվեստ կամ հումոր, այլ որպես անհարգալից վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, ովքեր ժամանակին ջերմությամբ ընդունել և աջակցել էին նրան։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հայտնում ենք, որ մեր համայնքում առկա է խոր հիասթափություն և արդարացի դժգոհություն։ Մեզ համար անընդունելի է ցանկացած հրապարակային խոսք կամ գործողություն, որը կարող է վիրավորել սփյուռքի համայնքային և հոգևոր արժեքները։

Այս ֆոնին տեղեկացել ենք, որ դերասանը մտադրություն ունի կրկին այցելել Բելգիա։ Համայնքը ակնկալում է հրապարակային պարզաբանում և ներողություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Միայն փոխադարձ հարգանքի և պատասխանատվության մթնոլորտում հնարավոր կլինի վերականգնել վստահությունը։

Բելգիայի հայ համայնքի կոմիտեն շարունակում է հետևել զարգացումներին և կգործի՝ առաջնորդվելով համայնքի շահերով ու արժանապատվությամբ»։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին