▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեռնատար ինքնաթիռով Հայաստան գալ ցանկացող սիրիահայի տեղ գիտե՞ք, ասեք՝ գնանք-բերենք

«Հոկտեմբերի 17-ին Հալեպից 21 հոգի կգա Հայաստան: Նրանք 3 ընտանիքի անդամներ են»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

«Եվ այն աղմուկը, որ բարձրացվեց, թե իբր ամբողջ հայությունը ցանկանում է դուրս գալ Հալեպից և  ճար չկա, իրականությունից շատ հեռու է: Այնտեղ մեկնած 2 ինքնաթիռները, որոնք բեռնատար էին, պատրաստ էին հալեպահայերին տեղափոխել: Ոչ ոք չէր դիմել: Չմտածեք, թե բոլոր հալեպահայերը կնստեն նման ինքնաթիռ: Իսկ, եթե գիտեք բեռնատար ինքնաթիռով Հայաստան գալ ցանկացողի, տեղն ասեք՝ գնանք-բերենք»,-ասաց Սերժիկ Սրապիոնյանը:

Ինչ վերաբերում է 600 սիրիահայի` Հայաստան տեղափոխվելու մասին հաղորդագրությանը, ապա  Սրապիոնյանի փոխանցմամբ, իրենց ոչ ոք նրանց անունների ցուցակը չի տրամադրել:

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի՝ սիրիահայերին օգնելու հայտարարությանը՝ Սփյուռքի փոխնախարարն ասաց, թե դա օդի մեջ արված հայտարարություն էր.

«Նրա հայտարարության մեջ էլ վրիպում կար.ամենահեշտը սիրիահային Հայաստան տեղափոխելն ու անտեր թողնելն է: Գնացեք հաշվեք.բնակարանի վարձ, բժշկական օգնություն, սնունդ, հագուստ, կոմունալ ծախսեր: Մեկ ընտանիքին բարվոք վիճակում պահելու համար 4000-6000 դոլար է պահանջվում»:

Սերժ Սրապիոնյանը ցավով է նշում՝ սիրիահայերը Երևանից բացի ոչ մի տեղ չեն ցանկանում ապրել.

«Անձամբ մեկին ուղարկեցի Արմավիրի մարզի գյուղերից մեկում ապրելու: Նրան տրվեց 4 սենյականոց առանձնատուն, 3000քմ բերքատու այգի, չկար ջրի, հոսանքի խնդիր, բայց մարդը 2 օր հետո եկավ ու ասաց, թե ճանապարհները բարեկարգ չեն, ինձ ուրիշ տեղ տարեք: Տարանք Սիսիան, Աբովյան, Արզնի, Իջևան, Արմավիր, Շիրակ, Սպիտակ, որևէ տեղ չհարմարվեց: 2 օրը մեկ բողոքում է»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին