▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ի թիրախը Շարմազանովն է

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ գործադիր մարմնի նիստից հետո ԲՀԿ-ին տված գնահատականները խիստ նյարդայնացրել են այդ կուսակցության ներկայացուցիչներին: Մասնավորապես Շարմազանովը հիշեցրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը տարիներ առաջ կողմ է քվեարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին և այդ կուսակցության անդամները նույնիսկ ներգրավված են եղել աշխատանքային խմբում:

Մի կողմ թողնելով իմ վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ՝ փորձեմ հասկանալ բանավեճի բուն էությունը: Նախ, անհասկանալի է, թե ժողովրդի նկատմամաբ ԲՀԿ-ի սերը ինչու հրապարակային դրսևորում ստացավ հենց իշխանական կոալիցիային չանդամակցելուց հետո: Դեռ այն ժամանակ, երբ հարցը քննարկվում էր, ունենալով ազդեցիկ լծակներ և հասարակությանը առավել պիտանի լինելու գրեթե անսահմանափակ հնարավորություններ՝ Բարգավաճի անդամները ոչ միայն լռել են այն ամենի մասին, որի մասին այժմ աղաղակում են, այլև ակտիվորեն նպաստել են համակարգի ներդրմանը: Վերջերս ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու գործընթացը տևել է ավելի քան 10 տարի: Այդ տարիներին ԲՀԿ-ն լուռ վայելում էր իշխանությունը և որևէ կերպ անհանգստության նշաններ ցույց չէր տալիս երկրում տիրող տարբեր գործընթացների նկատմամբ: Իսկ այժմ, հավանաբար իշխանության համար կարոտախտից այրվելով, մարդիկ նետվել են անորոշ պայքարի՝ չունենալով որևէ քաղաքական պոտենցիալ:

Ի վերջո, եթե ԲՀԿ-ն քաղաքական ուժ է, ինչու է հետ քաշվում քաղաքական պրոցեսների ժամանակ և ակտիվանում՝ դրանից հետո: Իրենց ժողովրդականության մասին սեփական հեռուստաալիքով և տասնյակ կայքերով օրական ավելի քան հարյուր անգամ հայտարարող ուժը հասարակության համար պայքարելու առավել ազդեցիկ հարթակ, քան նախագահական ընտրություններն են, ունե՞ր: Իհարկե ոչ: Ինչը ստիպեց այդ կուսակցության առաջնորդին՝ վերջին պահին, երբ արդեն պատրաստ էին առաջադրման մասին մամլո հաղորդագրությունները, հետ քաշվել պայքարից: Անձնական, թե հասարակական շահերը? Ինչու են այս մասին լռում ԲՀԿ-ականները: Ինչու բացատրություններ չեն տալիս: Թե ժողովրդի համար պայքարի քողի տակ անձնական նպատակները քողարկելը շատ ավելի հեշտ է:

Ինչ վերաբերվում է ԲՀԿ վերջին համագումարին: Թվում էր, թե այդ կուսակցությունը վերջապես հստակ կհայտարարի՝ ընդդիմադիր քաղաքական ուժ են, թե իշխանամետ, կողմ են Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը, թե դեմ, սակայն կրկին իրական նպատակները սքողվեցին ժողովրդի սիրո անվան տակ: Իսկ այդ մասին մենք լսում ենք քսանչորսժամյա ռեժիմով: Ոչ մի հստակ պատասխան, ոչ մի իրական հայտարարություն չհնչեց: Դրա փոխաներ ԲՀԿ-ականները գերադասեցին բանավեճի մեջ մտնել ՀՀԿ-ն ներկայացնող քաղաքական ֆիգուրի հետ:

Մինչդեռ թվում էր, թե ժամանակն է, որ ԲՀԿ-ի թիրախը լինի ոչ թե Շարմազանովը, այլ գործող համակարգն ամբողջությամբ: Երևի այդ կուսակցության ամբողջ պոտենցիալը բավարարում է միայն Շարմազանովի դեմ պայքարելու համար:


 Գոռ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին