ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել
Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:
Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։
Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը:
Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Հավելենք, որ ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր, որ հիվանդանոց ներխուժած անձինք եղել են ավելի քան 500-ը, վնասել են հիվանդանոցն ամբողջությամբ, ներխուժել տարբեր մուտքերից:
Այսօր առավոտյան հայտնի դարձան դաժան դեպքի ժամանակ մահացածների ու վիրավորների անունները։ Նրանց մեջ կան 18, 28 տարեկան եւ մինչեւ 37 տարեկան տղամարդիկ: