▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրայզան անուղղակիորեն Հայաստանին մեղադրեց.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան, «168 Ժամի» հարցմանն ի պատասխան, անդրադարձավ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին` հայտարարելով, որ ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռը խոցելը պետք է հետաքննվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:
Նկատենք, որ Բրայզայի մեկնաբանությունում ուշագրավ է ոչ միայն նրա այդ հայտարարությունը, այլեւ այն ձեւակերպումները, որոնք նա օգտագործել է` իր դիրքորոշումն արտահայտելու համար:

«Ադրբեջանական զորքի ներկայությամբ շփման գծում` Ադրբեջանի Աղդամ շրջանում, հայկական հարձակողական ուղղաթիռի թռիչքը եւ այն ադրբեջանցի զինվորների կողմից ակնհայտորեն խոցելը պետք է մանրակրկիտ հետաքննության ենթարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»,- ասաց Բրայզան:

Թվում է, թե ամերիկացի դիվանագետը, ում, ի դեպ, ԱՄՆ-ի հայ համայնքը մշտապես մեղադրել է թուրքական եւ ադրբեջանական իշխանությունների հետ սերտ կապեր ունենալու, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, չեզոք դիրքորոշում է հայտնում, բայց իրականում նա դիվանագիտական ճկունությամբ մեկ նախադասության մեջ արտահայտում է միանգամից մի քանի վերաբերմունք` ադրբեջանցիներին մեղադրելով ուղղաթիռը խփելու, իսկ հայերին անուղղակիորեն մեղադրելով այդ ուղղաթիռով հարձակվելու, ինչպես նաեւ Աղդամն «օկուպացնելու» համար:

Մ. Բրայզան նաեւ ավելացնում է. «Շփման գծի երկայնքով ռազմական սադրանքները ցանկացած պարագայում խաթարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը եւ կարող են հանգեցնել սխալ հաշվարկների, որոնք իրենց հերթին` լայնածավալ պատերազմի բռնկման պատճառ կարող են դառնալ: Իրավիճակը մասնավորապես վտանգավոր է Ուկրաինայում Ռուսաստանի վարած հիբրիդային պատերազմի լույսի ներքո: Այն իր մեջ ընդգրկում է շարունակվող հարձակումները եւ ռուսական զինուժի տեղաշարժերը, որոնք Մոսկվան համառորեն հերքում է, եւ որոնք ավելացնում են լարվածությունը Ռուսաստանին հարակից բոլոր երկրներում` ներառյալ Ադրբեջանը եւ Հայաստանը»»։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին