Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին՝ քննարկել գյուղատնտեսության տարբեր ճյուղերին առնչվող մի շարք հարցեր:
Ռոզա Ծառուկյանն ակնառու է համարել գյուղատնտեսության, այդ թվում անասնապահության զարգացումը և ներկայացրել մեղվաբուծության զարգացման ուղղությամբ առաջարկվող քայլերը: ՖԱՄ ղեկավարը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ մեղվաբուծությունն ուշադրության կենտրոնում պահելու համար և մեծապես կարևորել մեր երկրում արտադրվող բարձրորակ մեղրի արտահանման հարցը: Տիկին Ծառուկյանը վստահություն է հայտնել, որ դա կնպաստի այս ճյուղի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:
Ի պատասխան՝ վարչապետին զեկուցվել է, որ մեղրի արտահանման ուղղությամբ համապատասխան աշխատանքները ԵՄ-ի հետ արդեն իսկ ավարտական փուլում են: Նախատեսվում է, որ հայկական մեղրի արտահանումը եվրոպական երկրներ հնարավոր կլինի իրականացնել 2014 թվականի սկզբից:
Այնուհետև անդրադարձ է կատարվել արոտավայրերի, ոռոգման և խմելու ջրի խնդիրներին: Վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ ՖԱՄ ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողով և ուսումնասիրել բարձրացված հարցերը:
Հանդիպմանը քննարկվել են նաև թռչնաբուծության և բերքի իրացման ոլորտներում ՖԱՄ անդամներին հուզող հարցերը, որոնց ուղղությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ:
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևորել է նման հանդիպումների անցկացումը, որոնք կօգնեն պարզել ֆերմերային տնտեսություններին կառավարության կողմից ցուցաբերվելիք օժանդակության մեխանիզմներն ու նախագծերը: