▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 13.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի խնամու անունով ստացվել և կանխիկացվել է մոտ 4 մլն 114 հազ. 583 ԱՄՆ դոլար

Հետք.am-ը գրում է.Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բեկանել և նոր քննության է ուղարկել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանին ու կնոջ՝ Ռոզա Ծառուկյանին վերաբերող վճիռը, որը վերաբերում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը: Նախագահող դատավորը, համաձայն չլինելով դատավորների մեծամասնության կողմից կայացված որոշմանը, հատուկ կարծիք է գրել՝ նշելով, որ Գուլոյանի ու կնոջ եկամուտներն օրինական են եղել, հետևաբար վճիռը պետք է բեկանվեր և փոփոխվեր՝  դատախազության հայցն ամբողջությամբ մերժվեր, այլ ոչ ուղարկվեր նոր քննության:

2024թ. հուլիսի 1-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, վճռել է հօգուտ Հայաստանի՝ բռնագանձել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 9,177/10.000 մասը, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հողամասն ամբողջությամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմսեր, տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը: Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի վճռվել էր բռնագանձել նաև մոտ 1 մլրդ 287 մլն դրամ դրամ։

Վճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Գլխավոր դատախազությունն ու Կարապետ Գուլոյանը, վերջինիս կինը:

Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել չբավարարված պահանջի մասով: Մասնավորապես նշել է, որ օրինական չէ դատարանի վճռի այն մասը, որով մերժվել է Ծաղկաձոր քաղաքում գտնվող մեկ այլ անշարժ գույքը Ռոզա Ծառուկյանի և Կարապետ Գուլոյանի համատեղ սեփականություն ճանաչելն ու նշված գույքն ամբողջությամբ բռնագանձելու, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Գուլոյանից գույքի միջին շուկայական արժեքը՝ 242 մլն 800 հազար դրամ բռնագանձելու պահանջը: Բացի այդ, դատախազությունն օրինական ու հիմնավոր չի համարել վճռի այն մասը, որով մերժվել է Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել 2016թ. տրամադրված մոտ 548 հազ. ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում նույն չափի գումար բռնագանձելու պահանջները: 

Իսկ Գուլոյանի ու կնոջ անունից բերված բողոքում նշվել է, որ դատարանում առարկել են անխտիր բոլոր փաստերի դեմ և պնդել են, որ հայցը ենթակա է մերժման, մինչդեռ դատարանը հաշվի չի առել իրենց դիրքորոշումները: Մասնավորապես, Կարապետ Գուլոյանի հոր՝ Մուրադ Գուլոյանի անունով Բելգիայի Թագավորությունում գրանցված Roberto Bvba ընկերության գործունեության մասնակցությունից 2003թ. ստացվել և բանկային անդորրագրերով կանխիկացվել է մոտ 4 մլն 114 հազ. 583 ԱՄՆ դոլար, որից 2 մլն 855 հազ. ԱՄՆ դոլարը տրվել է Կարապետ Գուլոյանին: Նշված հանգամանքները հաստատվել են Կարապետ Գուլոյանի և Մուրադ Գուլոյանի ցուցմունքներով: Ընդ որում՝ Մուրադ Գուլոյանի գումարներ ունենալու մասով ապացուցման բեռ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի վրա չի դրվել: Ավելին՝ Մուրադ Գուլոյանն էլ իր հերթին ուսումնասիրության չի ենթարկվել: Դատարանը նրանց ցուցմունքները բավարար և արժանահավատ չի դիտել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին