Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանի և Խաչատուր Սուքիասյանի հետ կապվող ՍՊԸ-ն Ծաղկաձորում նախատեսում է 13 շենքից կազմված համալիր կառուցել, որն ունենալու է 1164 բնակարան։
«Հետք»-ը գրում է, որ կառուցապատող ընկերությունը ներկայացրել է համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։
Հայտով պետք է գնահատվի, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ համալիրի կառուցումը շրջակա միջավայրի վրա, որի ժամանակ համայնքում հանրային լսումներ են անցկացվում։ Գնահատման այս փուլում առանձնապես ուշադրություն չի դարձվում քաղաքաշինական խնդիրներին։ Այդ հարցերին անդրադարձ է կատարվում Քաղաքաշինության կոմիտեում իրականացվող համալիր փորձաքննության ժամանակ։
Ըստ նախնական գնահատման հայտի՝ մոտ 4 հեկտար հողամասի 38%-ն է կառուցապատվելու։ Համալիրը բաղկացած է 9 հարկանի 13 շենքից, որտեղ նախատեսված է 1164 բնակարան։ Ստորգետնյա ավտոկայանատեղիների թիվը 394 է, իսկ բացօթյա կայանատեղին նախատեսված կլինի 421 մեքենայի համար։ Համալիրի շինարարությունը կտևի 8 տարի։
Զբոսաշրջային Ծաղկաձոր քաղաքն ունի 1503 բնակիչ։ Կառուցապատումից հետո, եթե այս համալիրի յուրաքանչյուր բնակարանում բնակվի 4 անձ, ապա քաղաքի բնակչությունը կավելանա 4656-ով։ Ծաղկաձորում կառուցվող մյուս համալիրը՝ «Պալլադա Ծաղկաձոր»-ը, նախատեսված է 3000 մարդու համար (700 բնակարան)։ Այդ համալիրի նախկին բաժնետերերից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է։ Միայն այս երկու համալիրները շահագործման հանձնելուց և բնակեցնելուց հետո Ծաղկաձորի բնակչության թիվը կարող է անցնել 9 հազարը, որը գերազանցում է ներկայիս բնակչության թիվը 6 անգամ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում