ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնից հաղորդում է ստացվել Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցում ծառայություն իրականացնող պարեկների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու, նրանց ծառայողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։
ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ 2024թ. օգոստոսի 1–ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության երկու պարեկ, Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցում գտնվող Մերգելյան ինստիտուտի մոտ ծառայություն իրականացնելիս, նկատել են խախտումով կայանված «Ջիպ Կոմպաս» մոդելի ավտոմեքենա և բարձրախոսով կանչել են մեքենայի վարորդին։ Նրանց է մոտեցել Երևանի 27–ամյա բնակիչ Ա.Երիցյանը, ով հայտնել է, որ մեքենան ինքը չի կայանել, բանալիներն իր մոտ չեն։
Պարեկները նրանից պահանջել են, որ վարորդ մոտենա՝ մեքենան տեղափոխելու: Իրենց մոտեցած մեկ այլ քաղաքացի, որը, ըստ մեքենայի սեփականատիրոջ, եկել է մեքենան տեղափոխելու, անխոչընդոտ, առանց բանալիի գործադրման, կարողացել է տեղափոխել նշված տրանսպորտային միջոցը:
Պարեկների մոտ կասկածներ են առաջացել, որ 27-ամյա անձը դրսևորում է կասկածելի վարքագիծ՝ վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակով ավտոմեքենան իրեն պատկանելու հանգամանքը թաքցնելու նպատակով։ Առաջարկվել է մոտենալ տարածքային ոստիկանության բաժին, սակայն երիտասարդը հրաժարվել է։
Պարեկները փորձել են ձերբակալել նրան, սակայն այդ ընթացքում երիտասարդը սկսել է հարվածներ հասցնել պարեկներից մեկի կրծքավանդակի և գլխի շրջանին, որից հետո պարեկները արցունքաբեր գազ են օգտագործել և երիտասարդին բերման ենթարկել բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հիշյալ ավտոմեքենայի բանալիները, հաշվառման վկայականը։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը, անմիջականորեն հանցանք կատարած լինելու կասկածանքով, Ա.Ե.-ն ձերբակալվել է:
Վերջինս ցուցմունքով ևս հաստատել է իրեն ընդամենը երկու ոստիկանի կողմից ձերբակալելու հանգամանքը:
Առգրավվել է դեպքի վայրի տարածքում առկա տեսանկարահանող սարքի պարունակությունը, որը, վերաբերելի մասով ենթարկվել է զննության։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից պահանջվել են դեպքի պահին ոստիկանների և ծառայողական ավտոմեքենայի վրա առկա տեսագրությունները:
Նախաքննությունը շարունակվում է։
Օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտե հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նշված միջադեպի ընթացքում պարեկային ծառայության ծառայողների կողմից բռնություն է կիրառվել Ա.Ե.-ի նկատմամբ, որի հետևանքով վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։
Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն։
***
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում լուրջ անհանգստություն հայտնեց, որ գնալով մեծանում է վտանգը, որ իրավականի անվան տակ ուղղակի հաշվեհարդար են տեսնելու, տանելու են կալանքի և բացարձակ անհիմն ձևով Արամ Երիցյանին կալանավորելու են նրա համար, որ այդ հարցը բարձրաձայնվել է՝ ցույց տալու համար, որ ինչ ուզեն՝ կանեն
Որպես ապացույց` նա բերեց Քննչական կոմիտեի հայտարարությունը միջադեպի վերաբերյալ։ Ըստ փաստաբանի` Քննչական կոմիտեն տարածել է կտրած և առանց ձայնի տեսանյութ, ինչը պատահական չի արվել, քանի որ պարեկները Երիցյանին առաջարկել են բաժին գնալ, որի հետ վերջինս համաձայնել է, բայց պարեկներն ապօրինի փորձել են ձեռնաշղթա հագցնել, ինչից արցախցին հրաժարվել է։
Նրա խոսքով` օրենքով սահմանված է, որ ձեռնաշղթա են կիրառում, երբ անձը դիմադրում է, երկրորդ՝ փախուստի փորձ է արվում, կամ հավանականություն կա, որ դիմադրության և փախուստի փորձ կանի, որոնցից ոչ մեկը այդ պահին չի եղել։ Նաև` ձերբակալելիս պետք է բացատրվեր ձերբակալության պատճառը, անձի իրավուները ինչը ևս չի արվել
Ռուբեն մելիքյանը Քննչական կոմիտեին հորդորեց չգնալ ակնհայտ ապօրինության՝ գնալով Երիցյանի կալանավորմանը։
|