«Շատերը փորձում են ներկայացնել, որ նախկին իշխանությունների ժամանակ հիմնադրամը և քաղհասարակությունը գործում էին, և չէին թիրախավորում, ինչո՞ւ հիմա, որովհետև կարիք չունեին, իրենց ավտորիտար համակարգով «կոնտրոլն» այնքան ուժեղ էր, որ իրենք գիտեին՝ կարելի է թողնել, չփակել՝ ինչպես էլ ավելի ավտորիտար պետությունները: Հիմա կա մի իշխանություն, որը հռչակել է այդ արժեքները և, ունենալով իշխանություն, կարող է դա իրականացնել, և դա արդեն մահացու վտանգ է այն ռեժիմի համար»,- այս մասին «Մեդիա կենտրոն»-ում հայտարարել է ԲՀՀ-Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Սորոսի հիմնադրամի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը, ասել է. «Երբևիցե չեմ ուզի կարծել, որ ինչ-որ կարծիքներ իշխանության դիրքորոշումն են... Այս պարագայում մտահոգիչ են ոչ այնքան հիմնադրամի շուրջ անձնավորված, թիրախավորված խոսակցությունները, այլ այն, որ այդ լոզունգային մոտեցումը իմաստազրկում է թե՛ գործը, թե՛ գործունեութունը, թե՛ նպատակները. ես այդտեղ եմ տեսնում վտանգը, ոչ թե ինչ-որ մեկի ասածի մեջ»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել էր. «Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։
Այս հայտարարություններից հետո «Բաց հասարակության հիմնադրամները» դիմել էր ԱԺ նախագահին: Դիմումի մեջ ասվում է. «Մեծարգո պրն Միրզոյան, դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում և լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ, Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական և բառապաշարային դրսևորումներով, ինչպես նաև արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան Բաց հասարակության հիմնադրամների նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը և Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը։ Ես ավելի քան վստահ եմ, որ Ձեր կուսակցության՝ լեգիտիմ քաղաքական իշխանության համար, անպատվություն է նման փաստարկներով հանդես գալը, անգամ եթե/երբ հարկ եք համարում հանցավոր ռեժիմի ամենագռեհիկ ներկայացուցիչներից մեկի հետ բանավիճել։ Իսկ եթե պարոն Սիմոնյանը, զուտ մրցում է Նարեկ Մալյանի ՎԵՏՈ նախաձեռնության հետ, ապա կարելի է միայն արձանագրել ցավալին և անհավանականը՝ նա կարողացավ քաղաքական բանավեճի բարոյականության նշաձողը իջեցնել վերջինիս սահմանած ռեկորդից ավելի ցածր։ Ինչևէ, ես կարծում եմ, որ խնդիրն արժանի է լուրջ ուշադրության, քանի դեռ այն չի շահարկվել մամուլում, և ես ակնկալում եմ Ձեր անդրադարձը դրան, և ամենայն հարգանքով խնդրում եմ, նախաձեռնել էթիկայի հանձնաժողովի ձևավորում և լսումներ այս հարցի շուրջ»:


