Արձակագիր, բանաստեղծ Հուսիկ Արան զրկվել է Զեյթուն վարչական շրջանում գրողների և նկարիչների համար կառուցվող բնակելի շենքի բնակարանից: Այս մասին բանաստեղծն ասել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը:
Հուսիկ Արայի խոսքով՝ նախապես տեղեկացրել են, որ բնակարանները մատչելի կլինեն, քանի որ կառուցվում են ՀՀ նախագահի երաշխավորությամբ:
Սեփական աշխատավարձով և հարազատներից պարտքով վերցրած գումարով արձակագիրը վճարել է մեկ սենյականոց բնակարանի համար պահանջվող գումարի 20 տոկոսը: Մնացած 80 տոկոսի համար դիմել է «ՎՏԲ» բանկ՝ վարկ ստանալու համար: Բանկը պատրաստակամորեն տրամադրել վարկը, որի պատասխանը ներկայացվել է ԵՊՀ շրջանավարտների միավորում:
Բանկից տեղեկացրել են, որ վճարումներ կատարելու անհրաժեշտություն առայժմ չկա, և շենքը որոշակի աստիճանի կառուցվելուց հետո պիտի սկսվի բանկի վարկավորումը
Իր իսկ խոսքով՝ մի քանի ամիս իրեն հրավիրել են, որպեսզի բնակարանի ներքին հարդարման աշխատանքները քննարկեն, որից հետո օրեր առաջ ԵՊՀ-ից տեղեկացրել են, որ բնակարանն այլևս իրենը չէ:
Բանաստեղծը խնդրի մասին բաց նամակ է գրել նախագահին:
Ի դեպ՝ հավելենք, որ գրողների համար նախատեսված շենքից գրեթե ոչ մի գրող չի օգտվել, բացառությամբ ավագ սերնդի մի քանի գրողների, ովքեր այդ պահին առձեռն վճարելու հնարավորություն են ունեցել: