Այսօր Աբովյան քաղաքի դատարանում կայացավ Վարդան Պետրոսյանի գործով վերջին դատը եւ Վարդանն ասաց իր «վերջին խոսքը»: Նրա կարճ ճառը պետք է կարդալ ամբողջությամբ, վստահ եմ, որ լրագրողները կվերծանեն ու կսղագրեն այն բառ առ բառ: Կարեւոր է ու անգին նրա ասած ամեն մի խոսքը: Վարդանն իրեն մեղավոր չի ճանաչել այդ դժբախտ պատահարում: Դիմելով որդեկորույս տուժածներին նա հիշեցրեց իտալական մի հին ֆիլմի վերնագիրը`«Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ»: Դա ակնարկ էր այն իրողության, որը հաստատում են բոլոր փորձաքննություններն ու որը շարունակում են շրջանցել մեղադրող կողմն ու դատախազը` ողբերգական վթարը տեղի էր ունեցել մութ մայրուղու բանուկ մասում, երբ շրջադարձ կատարող «Նիվան» շարժվեց հետ ու նրան բախվեց Վարդանի ԲՄՎ-ն:
Վարդանն առաջին անգամ բացահայտ հայտարարեց, որ դիտում է իրեն իշխող ռեժիմի հալածանքի թիրախ, ինչպիսին էին ժամանակին Սեւակն ու Մինասը, Չարենցն ու Երվանդ Քոչարը: Փաստորեն, Վարդան Պետրոսյանը հանդիսանում է քաղբանտարկյալ, որի միակ մեղքն այն է, որ նա ողջ է մնացել սարսափելի ավտովթարում:
Նա հատուկ շնորհակալություն հայտնեց բախտակից բանտարկյալներին, որոնք եղբայրական կարեկցանքով ու խնամքով էին շրջապատել ու սփոփել նրան առաջին իսկ րոպեներից, երբ նա պատգարակով եւ ուշաթափ տեղափոխվել էր բանտ:
Ողբալով երկու պատանիների մահը, հանրությունը պետք է գթություն իր մեջ գտնի ու արդարություն պահանջի նրանց համար, ովքեր բանտում են հայտնվել դժբախտության արդյունքում, ինչպես Վարդանը, կամ ազատության համար պայքարելով, ինչպես Շանթն ու ընկերները, ինչպես նաեւ կասկածելի հանգամանքներում երկարատեւ ու անգամ ցմահ պատիժ կրող մեր եղբայրներն ու քույրերը: Ցեղասպանության հարյուրամյակը եզակի հնարավորություն է տալիս շտկել դատական, քաղաքական, անձնական սխալներն ու մեղքերը եւ գոնե այսպիսով սփոփել մեր վիրավոր ազգի ցավն ու վիշտը: Հայաստանի իշխող ռեժիմի համար սա թերեւս վերջին նման հնարավորթյունն է: