Խնդիրները սիգի հետ կապված խրոնիկ են: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ու ասել է, որ այն տեսուչները, որոնք հարաբերության մեջ են մտել ձկնագողերի հետ, նրանց նկատմամբ պարբերաբար եւ քրգործեր են հարուցվում, եւ աշխատանքից են ազատվում, տասնյակ այդպիսի դեպքեր կան:

Դիտարկմանը, որ այսօր էլ Երեւանում զանգվածաբար սիգ են վաճառում, նախարարը նշել է, որ իրենք գնացել են ռազմավարական լուծման ճանապարհով. «Օրենսդրական փաթեթը մշակվել է, որով կանոնակարգվել է, թե ինչպես պետք է լինի ձկնորսությունը: Հիմա հրամանը կմշակվի եւ մենք ձկան օրինական որս ենք թույլ տալու: Դրան զուգահեռ հարկային օրենսգրքում փոփոխություններ ենք կատարում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կիրառվի: Խոսքն այն մասին է, որ բնօգտագործման վճարի օբյեկտ հանդիսացող ամեն ինչը պետք է ունենա փաստաթուղթ՝ դա կվերաների սիգին, քարին, ծառին, ամեն ինչին»:
Նախարարը նաև հույս է հայտնել, որ ամբողջը ավարտելուց հետո այս տարվա մեջ սիգի հարցը կլուծվի. «Այսինքն՝ եթե կտեսնեք, որ սիգ է վաճառվում, դա կլինի օրինական, թույլտվություն ստացած, բնօգտագործման վճարը վճարած: Իհարկե, ավելի թանկ կլինի, որը բնական է, որովհետեւ բնական էկոհամակարգում բնական կերով հարուստ ձուկը չի կարող լինել բուծված ձկից էժան»:
Իսկ ինչ վերաբերում է հսկողությանը, Էրիկ Գրիգորյանն ասել է, որ բանն այն է, որ տեսուչները ժամը 18-ից հետո չեն աշխատում, շաբաթ-կիրակի նույնպես չեն աշխատում. «Հիմա տվել ենք հանձնարարական, որ շուրջօրյա ստուգում իրականացվի: Տեսչության աշխատանքից իհարկե, գոհ չեմ, բայց կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ, որի լուծումը գտել ենք մեծ փաթեթը պատրաստելով»:


