Օրեր առաջ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը հեռացվել է աշխատանքից: Վերջինս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված բաց նամակով է հանդես եկել, որում իր ազատումը բացատրում է այն հանգամանքով, որ այս ձևով Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը փորձում է մաքրել սեփական անունը.
«Մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած` իր անձի շուրջ սեքս-սկանդալի գործով մեղքը Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը փորձում է «բարդել» իմ ուսերին` սեփական անունը մաքրելու համար` այդ նպատակին հասնելու համար չխնայելով ոչ մի միջոց և հաշվի չառնելով ոչ բարոյական արժեքները, ոչ իրավական նորմերը»,-ասված է նամակում։
Սակայն աշխատանքից հեռացվածների շարքը Խոեցյանով չի ավարտվում: ԲՈՒՀ-ի պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանին ազատել են ֆիզիկայի ամբիոնի վարիչի և պրոռեկտորի պաշտոնից: Ուշագրավն այն է, որ Խաչատրյանը ՀՊՃՀ-ի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության` արդեն նախկին պետ Վլադիմիր Խոեցյանի մորեղբայրն է:
Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Հովհաննես Թոքմաջյանի հետ` սկանդալային ազատումների և իր հասցեին հնչեցված մեղադրանքների վերաբերյալ: Վերջինիս խոսքով` Խոեցյանն աշխատանքից ազատվել է իր աշխատանքային պարտականությունները չկատարելու համար, իսկ քեռին կրճատվել է, սակայն նրան առաջարկել են աշխատել պրոֆեսորի պաշտոնում, այսինքն` աշխատանքից ազատված չէ.
«Եթե մեր գործողություններում կա որևէ հարց, որը պարոն Խոեցյանին չի գոհացնում, ապա իրավական առումով կարող է դիմել դատարան: Բաց և փակ նամակներ գրելով իրավական հարցերը չեն լուծվում, եթե ինչ-որ բանում սխալ ենք արել, թող դիմի դատարան, և դատարանն էլ թող վճիռ կայացնի, որովհետև Խոեցյանը գնահատականներ տալու լիազարություններ չունի: Ինչ վերաբերում է Աշոտ Խաչատրյանին` նրան չենք ազատել, այլ առաջարկել ենք համարժեք աշխատանք, որը դեռ չի ընդունել… դա իր գործն է»:
Ինչ վերաբերում է Խոեցյանի` այն պնդումներին, որ իր ազատումը պայմանավորված է ռեկտորի անվան հետ կապված սեքս-սկանդալով, Հովհաննես Թոքմաջյանն ասաց.
«Որևէ բան չի համապատասխանում իրականությանը, հարուցված է քրեական գործ, և այդ խնդիրը նամակներ և հայտարարություններ անելով չի որոշվի: Իրավապահ մարմինները քննում են հարցը, որից հետո այն կստանա իր պատասխանը»:
Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նաև անդրադարձավ Վլադիմիր Խոեցյանի այն մեղադրանքներին, որոնց համաձայն` իրենց ԲՈՒՀ-ում սարսափելի բռնատիրական բարքեր են.
«Համալսարանում ամեն ինչ արվում է ՀՀ օրենսդրությամբ և համալսարանի կանոնակարգին համապատասխան, որևէ շեղում մեզ թույլ չենք տվել, մնացածը կարող են վիճարկել դատարանում. Խոեցյանը չէ որոշողը, թե ԲՈՒՀ-ում ինչ մթնոլորտ է, մեր կոլեկտիվը նորմալ աշխատում է, մեզ մոտ միջազգային գիտաժողովներ են տեղի ունենում. քիչ առաջ այստեղ էր ՌԴ դեսպանը, բազմաթիվ դասախոսներ: Պոլետիխնիկը շատ արագ կդառնա տարածաշրջանի լավագույն բուհերից մեկը` թե Խոեցյանի, թե առանց նրա: Նորից եմ կրկնում, եթե Խոեցյանը գտնում է, որ մենք սխալվել ենք և եթե դա այդպես լինի, ապա դատական կարգով նա կվերակագնվի: Պետք չէ իրավական խնդիրները լուծել հոդվածների և նամակների միջոցով»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան