▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձմեռային դեպրեսիան և սեռական առողջությունը. խորհուրդներ

Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են «դեպրեսիա», «ընկճվածություն» բառերը, բայց դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրության զգացումը: Դա հիվանդություն է:

Ձմեռային դեպրեսիան կարող է առաջանալ ուղեղում լավ տրամադրություն ապահովող որոշ քիմիական նյութերի, օրինակ՝ էնդորֆինների պակասից: Ընկճված վիճակին բնորոշ են տրամադրության անկումը, ախորժակի բացակայությունը, երբեմն հաշված օրերի ընթացքում արագ նիհարում են, հյուծվում և շուտ հոգնում, նվազում են սեռական ցանկությունը և սիրո զգացումը։ Ձմեռային դեպրեսիայի ժամանակ տղամարդիկ գանգատվում են սեռական պոտենցիայի նվազումից (հիպոէրեկցիա), սեռական ցանկության բացակայությունից, կանայք՝ դաշտանադադարից, քնի խանգարումից: Այս ընթացքում մարդիկ դառնում են ալարկոտ, ծույլ, անտրամադիր: Սեռական կյանքը աստիճանաբար դառնում է անհետաքրքիր և միապաղաղ:

Ինչպե՞ս ազատվել ձմեռային դեպրեսիայից: Հայտնի է, որ աշնան և ձմռան ամիսներին մարդիկ դեպրեսիայի հանդեպ առավել զգայուն են դառնում: Ինչո՞ւ: Որովհետև այդ ամիսներին արեգակի ճառագայթների սակավությունը հանգեցնում է մարդու օրգանիզմում «արտադրվող» լավ, զվարթ, մի խոսքով` դրական տրամադրության հորմոնների նվազման, ինչի արդյունքում մարդիկ հաճախ լինում են մռայլ, մելամաղձոտ, սակավաշարժ և անաշխատունակ: Ելքը` Ձեզ քաղցրից մի զրկեք: Ձմեռային դեպրեսիայից ազատվելու լավ միջոց է մուրաբան: Բանն այն է, որ նրա մեջ 65 % գլյուկոզ է պարունակվում և լիովին զուրկ է ճարպերից: Բայց օրգանիզմի քմահաճույքներին շատ էլ մի տրվեք, ձմռանը գիրանալը շատ հեշտ է: Եվ ամենակարևորը` հաճախակի համբուրվեք:

Անհրաժեշտ է շրջապատը դարձնել ավելի լուսավոր, արևոտ և պայծառ, ավելի հաճախ գտնվել դրսում, կանոնավոր կերպով զբաղվել ֆիզիկական վարժություններով, որոնք օգնում են նվազեցնել սթրեսի և տագնապի զգացողությունը: Վերջինիս բարձր մակարդակը կարող է ուժեղացնել ձմեռային դեպրեսիայի նախանշանները, սննդակարգում ավելացնել Օմեգա-3 դասի կիսահագեցած ճարպաթթուներ պարունակող մթերք (ձկներ, հունական ընկույզ, կտավատի սերմեր և կտավատի ձեթ): Պակաս արդյունավետ չեն նաև սոցիալական կապերի պահպանումը, լողավազան կամ մերսման սրահ հաճախելը: 

Հեղինակ` Վրեժ Շահրամանյան
sexology.am
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին