▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դա նոր ազդանշան է մտածող հայ հասարակությանը». Արտակ Զաքարյանը՝ Լուկաշենկոյի խոսքերի մասին

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի արված հայտարարություններին․

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/artak_zaqaryan.jpg

«Ոչ հեռու անցյալում Հայաստանը պետություն էր, միջազգային իրավունքի իրական սուբյեկտ: Բանակցում էր մեծ ու փոքր պետությունների հետ, հարևանների հետ, համաշխարհային ու ռեգիոնալ միջազգային կազմակերպությունների հետ:

Անվտանգություն, Արցախի ինքնորոշում, Հայոց ցեղասպանության ճանաչում, տնտեսություն, ներդրումներ, մշակույթ, կրթություն, ժողովրդավարություն, բարեփոխումներ, նոր սպառման շուկաներ, էներգետիկա, կոմունիկացիաներ, էկոլոգիա, ֆինանսներ և այլն:

Սեփական կենսական շահերով կամ ընդհանրական օրակարգերով, միջազգային հարաբերություններում ակտիվ աշխատում էին նախագահի ինստիտուտը, դիվանագիտական կորպուսն իր ողջ կազմով, կառավարությունն իր բոլոր նախարարություններով, ընդհուպ մինչև ՏԻՄ-երը: Իր ողջ ներկայացուցչական կազմով ու աջակցող օրակարգերով, երկկողմ ու բազմակողմ բոլոր խորհրդարանական հարթակներում լայնածավալ աշխատանք էր տանում Ազգային ժողովը` իր ֆրակցիաներով, հանձնաժողովներով, միջխորհրդարանական պատվիրակություններով ու բարեկամական խմբերով: Անուրանալի և մեծածավալ գործ էր անում հայկական Սփյուռքը:

Որովհետև կար հայոց պետությունը, նրա ուժը, աճը, վերելքը, հասկանալի և համադրելի ազգային շահերն ու առաջնահերթությունները: Մի խոսքով՝ աշխարհում Հայաստան պետություն կար, որն ուներ զարգացման կոնկրետ նպատակներ, ներկայաված էր պատշաճ, սպասված ու ընդունված էր ամենուրեք:

Որտեղ պետք էր` պինդ ոսկոր էր: Որտեղ պետք էր` փափուկ ու ճկուն: Որտեղ պետք էր` գործընկեր ու բարեկամ: Որտեղ պետք չէր` դիտորդ կամ չեզոք: Եթե պետք էր, նույնիսկ Բաքու էր գնում, ու ասելիքը` առանց կաշկանդվելու, մինչև վերջ տեղ հասցնում:

Կար ժամանակ, երբ մենք մեր ներքին զրույցներում, կատակով ասում էինք, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը նմանվելու է գերտերության օրակարգի` ի նկատի ունենալով, իհարկե, հագեցվածությունը:

2018-ից Հայաստանը դարձավ իզգոյ պետություն` անօգնական, լքված, անօրակարգ, անծրագիր, աննպատակ, անհասկանալի ու ողորմելի քաղաքական դեմքերով:

Ցավ ես ապրում, երբ Լուկաշենկոն կամ մեկ ուրիշը, կարող է քո պետության վերբերյալ քամահրական դատողություններ անել: Իսկ ի՞նչ ասի Հայաստանի մասին կարծիք հայտնողը, երբ Հայաստանի այսօրվա «ղեկավարությունը» վախենում է նույնիսկ Արցախ մեկնել: Լուկաշենկոն, իհարկե, էքսցենտրիկ կերպար է, և հայտնի է իր էքստրավագանտ հայտարարություններով: Հարցը դրանով չի փակվում, և դա նոր ազդանշան է մտածող հայ հասարակությանը. ո՞րն է լինելու Հայաստանի տեղն ու դերը մոտ ապագայում: Այն Հայաստանի, որն ընդամենը չորս տարի առաջ պահանջատեր էր և ինքնիշխան, իսկ այսօր` նսեմացված է, արհամարհված ու թալանված: Արտաքին աշխարհի համար` ավելորդ բեռ է դարձել, իսկ թուրքական աշխարհի համար` ցանկալի միջանցք:

Այս իրավիճակի հետ հաշտվելը հանցագործություն է պետության նկատմամբ: Ոչ պակաս հանցագործություն` քան գործել են Նիկոլն ու իր ուսապարկերը:

Հետևաբար, հաշտվել ու հանդուրժել այս ողբերգությունը չենք կարող և պայքարելու ենք մինչև չհեռացնենք այս ազգակործան իշխանությանը: Մինչև չհասնենք այն վիճակի, երբ որևէ մեկի, այդ թվում՝ նաև Լուկաշենկոյի մտքով այլևս չանցնի նման քամահրական արտահայտություն անել մեր հրաշալի երկրի ու արժանապատիվ ժողովրդի հասցեին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին