«Դատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել, իսկ խափանման միջոցը, իմ ենթադրություններով, կալանավորումը չի ընտրվել՝ կապված պարոն Ծառուկյանի տարիքի, ՀՀ-ում կորոնավիրուսի առկայության հետ. գուցե դատավորի համար դրանք են հանդիսացել պատճառ»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան:
Դիտարկմանը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր անձի շուրջ տեղի ունեցող գործողությունները որակում է որպես քաղաքական հետապնդում, Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Բա ի՞նչ պետք է որակեր»::
Խոսելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն դիտարկման մասին, թե պատգամավորները խայտառակ կլինեն, եթե Ծառուկյանին կալանավորման՝ ԱԺ-ում հավանատության տրված որոշումը դատարանում չհաստատվի, Սիմոնյանը նշեց, որ Մարուքյանը պետք է իր հետ կապված մտահոգություններով զբաղվի.
«Ինչ վերաբերվում է իր հայտարարությանը՝ դատարանը չի արդարացրել Գագիկ Ծառուկյանին և չի ասել, որ մեղադրանքներն առ ոչինչ են և հիմնովին չեն, ընդամենը մեկ խափանման միջոցը փոխարինվել է մյուսով»:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում ընտրակաշառքների բաժանման երկու մեխանիզմ է գործել, որը բոլորին հայտնի է նաև լրատվամիջոցների հրապարակումներով: Դրանցից մեկը, ըստ նրա, եղել է այն, որ, օրինակ, պատգամավորների թեկնածուներն իրենք են հոգացել ընտրակաշառքի ծախսերը և ձայների միջոցով ձևավորել են վերաբերմունք իրենց ղեկավարի մոտ, ըստ այդմ ստացել իշխանության իրենց մասնաբաժինը:
Մյուս տարբերակն էլ եղել է այն, որ գումարը տրվել է կոնկրետ ընտրատարածքում գործողությունների համար, և դրա դիմաց ներկայացվել է հաշվետվություն: