Երևանի Ընդհանուր իրավասության դատարանում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց երկու օրով Խաչատուրովին ՀՀ–ից մեկնելու թույլտվություն տրամադրելու։

«Հայտնի է, որ Խաչատուրովը ծնվել է Վրաստանի Հանրապետությունում, նրա ծնողները, եղբայրը հուղարկավորված են այնտեղ, իսկ նա 2018 թվականի նոյեմբեր ամսից չի եղել այնտեղ»,-ասաց Պողոսյանը։
Գործով դատախազներն առարկեցին միջնորդությունը` հայտնելով, որ այս պահին կորոնավիրուսային իրավիճակից ելնելով պարզ չէ` Վրաստանից ՀՀ վերադառնալու խոչընդոտի ռիսկերը։
Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 1-ից այդ սահմանափակումները հանվելու են, ուստի այդ ժամանակ մեկնելու դեպքում Խաչատուրովը չի ենթարկվի ինքնամեկուսացման պահանջի:
Ի պատասխան Խաչատուրովի հայտնեց, որ օգոստոսի 1-ից արդեն իսկ Վրաստան մեկնողների համար 14-օրյա ինքնամեկուսացման կարիք չի լինելու։ Ավելին, եթե նման անհրաժեշտություն լինի, ապա այդ մասին կանխավ կճշտեն վրացական կողմից ու նման պահանջի դեպքում Խաչատուրովն ուղղակի չի մեկնի։
«Եթե Խաչատուրովը մեկնի, ապա առկա են ռիսկեր, որ դատական նիստերը կարող են հետաձգվել` հաշվի առնելով Հայաստան վերադառնալուց հետո ինքնամեկուսացման պարտադիր պահանջը։ Ուստի, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Խաչատուրովին մեկնել Հայաստանից»,-ասաց դատավոր Դանիբեկյանը։
Դատավորը տեղեկացրեց, որ պաշտպանը զրկված չէ այն հետագայում կրկին ներկայացնելու հնարավորությունից։


