▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեդ Հասանի սպանության հնարավոր պատվիրատու է համարվում օրենքով գող Տարոն

«Դեդ Հասանը» (Ասլան Ուսոյան) մաֆիոզ կլանների պատերազմի զոհ է դարձել, համարում են Ռուսաստանի Քննչական կոմիտեում: «Իզվեստիա» թերթի տվյալներով՝ ոստիկանության օպերատիվ աշխատակիցները համարում են, որ «Դեդ Հասանը» մրցակից մաֆիոզ կլանի ներկայացուցիչների հետ հին հաշիվները պարզելու զոհ է դարձել: Ըստ այդմ, նշվում է, որ այդ մրցակից կլանը գլխավորում է Տարիել Օնիանին՝ Տարո Մականունով:

Թերթը նշում է, որ Մոսկվայի «Կարետնի դվոռ» ռեստորանը որտեղից դուրս գալիս սպանվել է «Դեդ Հասանը», արդեն վաղուց հայտնի է Մոսկվայի իրավապահներին որպես քրեական հեղինակությունների հանդիպման սիրելի վայր: Դա «Դեդ Հասանի» ոչ պաշտոնական «գրասենյակն» էր, որտեղ նա ընդունում էր բնակչությանը:

Այսօր՝ հունվարի 16-ին, «Դեդ Հասանը» սովորականի պես ռեստորանում է եղել իր թիկնապահների հետ միասին: Ոստիկանները ենթադրում են, որ դիպուկահար հրացանով քիլերը դիրքավորվել է դիմացի մայթին գտնվող Կինոդերասանի տան շենքի տանիքին: Ժամը 14:30-ին քրեական գեներալը դուրս է եկել ռեստորանից եւ ուղղվել դեպի իր մեքենան, հենց այդ ժամանակ էլ մարդասպանը կրակ է բացել նրա վրա՝ գնդակահարելով գլխից: Ինչպես հաղորդում է BFM.RU-ն, դիպուկահարն ընդամենը մեկ կրակոց է արձակել Ուսոյանի վրա:

Սա «Դեդ Հասանի» նկատմամբ առաջին մահափորձը չէր: 1990-ականների վերջին նրան փորձել են սպանել Սոչիում, սակայն մարդասպանը վրիպել է: Այն ժամանակ դա կապել էին քրեական պատերազմի հետ, որը Ուսոյանը վարում էր Ռուդոլֆ Օգանովի (Ռոդւիկ Բակինսկի) գլխավորած մաֆիոզ կլանի դեմ: Այդ պատերազմն ավարտվել է Ուսոյանի հաղթանակով՝ Օգանովը գնդակահարվել էր 1999-ին Մոսկվայի սրճարաններից մեկում:

Վերջին տարիներին «Դեդ Հասանը» վերածվել էր նախկին խորհրդարյին տարածքում ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկի: Դա, ամասամբ, պայմանավորված է նրանով, որ նրա մրցակիցները մահացել են «ռազբորկաներում» կամ հիվանդություններից, կամ գտնվում են բանտում: Օրինակ, Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ) երկար ժամանակ գտնվում էր ԱՄՆ-ում, իսկ Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ)՝ Իսպանիայում: Միակ մարդը, ով կարող էր բաց դիմադրել «Դեդ Հասանին» դա հենց «օրենքով գող» Տարիել Օնիանին էր (Տարո):

Ոստիկանների խոսքով՝ Ասլան Ուսոյանի եւ Տարիել Օնիանիի միջեւ ձգձգվող կոնֆլիկտի ակունքները գնում են մինչեւ 1980-ական թվականները:

«Յապոնչիկի» դեմ մահափորձը, ով պաշտպանում էր Օնիանիին, ձեռնտու էր «Դեդ Հասանին», սակայն շուտով նոր մահափորձ կատարվեց «Դեդ Հասանի» դեմ, եւ կասկածները «քութայիսցիների» նկատմամբ կրկին ուժգնացան: 2010-ի սեպտեմբերին քիլերը «Դեդ Հասանին» սպասելիս է եղել Տվերի փողոցում, որտեղ ապրում է «օրենքով գողի» որդին: Դիպուկահար կրակոցներից մեկը դիպել է Ուսոյանի փորին եւ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:

Ոստիկանների խոսքով՝ վերջին ժամանակներս լուրեր էին տարածվել, որ քրեական աշխարհը սպասում է, թե երբ «Դեդ Հասանը» կմահանա բնական մահով: Փաստաթղթերով Ուսոյանը ծնվել է 1937 թվականին՝ Թբիլիսիում, սակայն հարցաքննությունների ժամանակ նա նշել է, որ ծնվել է 1933-ին:

Ոստիկանության օպերատիվ աշխատակիցների ներկայացմամբ՝ «Դեդ Հասանը» երիտասարդացման մի քանի կուրս է անցել: Վերջին տարիներին նա շատ ակտիվ կյանք է վարել, ամրապնդել է իր դիրքերը եւ 20-ից ավելի «օրենքով գողերի» է «թագադրել»:

Տարիել Օնիանիի կողմնակիցներն իրենց հերթին մի քանի «քրեական հավաք» են կազմակերպել, որտեղ հարց են բարձրացրել, թե որքանով են լեգիտիմ «Դեդ Հասանի» կողմից «թագադրման» գործողությունները:

Ուսոյանի կլանն ի պատասխան հակամիջոցների է դիմել։ Յապոնչիկի դեմ մահափորձից հետո բացահայտ կերպով մեղավոր է ճանաչվել Օնիանին, ով գահազրկվել է, սակայն Տարոյի կողմնակիցները չեն ճանաչել պաշտոնազրկման կարգավիճակը։

Ամեն ինչ ավարտվել է նրանով, որ քրեական աշխարհի ավագները, ներառյալ նաեւ արտասահմանում բնակվող «ծերունիները»՝ Գեորգի Չիկովանին, Ամիրան Էբրալիձեն եւ Գուրման Չիկաբերիձեն հաղորդագրություններ են ուղարկել գաղութներ, որոնցում ճանաչել են Տարոյի կարգավիճակը։ Ընդ որում՝ գրության մեջ խիստ պայման է եղել. մինչեւ «Դեդ Հասանի» եւ «Տարոյի» միջեւ չլուծվեն բոլոր վիճելի հարցերը, նոր «օրենքով գողերի» թագադրումները սառեցվում են։ 

Ասլան Ուսոյանն անտեսել էր դրված վերջագիրը եւ մինչեւ վերջին պահը թագադրում էր իր կողմնակիցներին։ Դա դժգոհություն է առաջացրել նրա թշնամիների եւ ուժայինների մեջ, որոնք ցանկանում էին օպերատիվ կերպով կալանավորել նորահայտ «օրենքով գողերին»։

Որոշ տվյալներով՝ Ուսոյանի ակտիվությունը հանգեցրել է նրան, որ Մերաբ Ջանգվելաձեն եւ Ռովշան Ջանիեւը փաստացի միավորվել էին նրա դեմ։

 

Աղբյուրը` Նյուզ. am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին