▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեսպանը դատի է տվել նախկին ոստիկանապետի որդուն.«Ժողովուրդ»

ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ   դատական հայց է ներկայացրել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ -ի դեմ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հոկտեմբերի 23-ին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն պատկանող ընկերության դեմ: «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմելով՝ «Բիզնես Լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ից պահանջում է 5 միլիոն 563 հազար 453 ՀՀ դրամ: Ավելին՝ ինչպես պարզեցինք՝ 2014թ. հոկտեմբերի 24-ին «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելու համար: Գործը քննող դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավարարել է միջնորդությունը: Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել. Երեւանի նախկին ոստիկանապետի որդու ընկերության ներկայացուցիչը  հունվարի 27-ին դիմել է դատարան՝ ՍՊԸ-ի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությամբ: Եւ այս հարցը քննելու համար նշանակվել է հատուկ նիստ:

Ինչպես պարզեցինք՝ Արմեն Նազարյանը միջնորդել է վերացնել «Բիզնես Լիդեր Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շարժական գույքերի, դրամական միջոցների եւ բանկային հաշիվների դրված արգելանքը եւ հայցագնի չափով արգելանքը թողնել միայն ընկերության սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Երեւան, Հակոբ Հակոբյան փողոց 3/15 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա հետեւյալ պատճառաբանությամբ, որ վերը նշված հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 367 մլն 360 հազար 435 ՀՀ դրամ, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ 14 մլն 646 հազար180 ՀՀ դրամ: Այսինքն՝ 5 մլն դրամի համար այդքան բանն արգելանքի տակ դնելը աբսուրդ է: Բայց քանի որ մի կողմում Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի եւ Սերժ Սարգսյանի հովանավորյալ Արմեն Սարգսյանն է, իսկ մյուս կողմում՝ պաշտոնաթող գեներալ Նազարյանի որդին, ուստի դատավոր Սիմիզար Հովսեփյանը մերժել է գույքն արգելանքից հանելու միջնորդությունը:

Այսօրվա դրությամբ Երեւանի նախկին ոստիկանապետի որդու ընկերության դրամական միջոցներն արգելանքի տակ են: Հիշեցնենք, որ հունվարի 26-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ներսես Նազարյանը, անդրադառնալով իր որդու բիզնեսի խնդիրներին, «Մոսկվիչկա» սուպերմարկետների դատարկվելու հարցին, տարակուսել էր. «Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը»:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին