tesankyun.am-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում պետք է կայանա «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Կայքի տեղեկություններով՝ առողջապահական այդ հիմնարկության տնօրենի պաշտոնին հավակնում են Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրեն Սիլվա Պետրոսյանը եւ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը:
Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատակիցները տեղեկացրել են, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը չի ցանկացել, որ Սիլվա Պետրոսյանը մասնակցի Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթին: Դիլիջանի բժշկական կենտրոնը կրում է Սիլվա Պետրոսյանի վաղամեռիկ ամուսնու՝ ավտովթարից զոհված Վլադիմիր Ավանյանի անունը: Վերջինս 1989-2007 թվականներին հաջողությամբ ղեկավարել է Դիլիջանի հիվանդանոցը: Սիլվա Պետրոսյանը չի ցանկացել պատասխանել լրագրողի հարցերին` ասելով միայն, որ ինքը անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել առաջիկա մրցույթին մասնակցելու համար: Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատակիցները առողջապահական այդ հիմնարկության ճակատագրի հետ կապված բողոքի նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում