▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված օպերացիա, ոստիկանություն է տեղափոխվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատիրոջ որդին

Դեկտեմբերի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանում՝ Հաղթանակ թաղամասում, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղ»-ում իրականացրել են հատուկ օպերացիա։

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան իրականացվել է Հաղթանակ թաղամասում հայտնի «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի դիմաց, որտեղ էլ միչև ատամները զինված, դիմակավորված քրեական ոստիկանները գետնին են պառկեցրել, ապա ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մի քանի անձանց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածների մեջ է եղել «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ նախկին դատավոր Գագիկ Խանդանյանի փեսա Ժորա Վարդանյանը և ոստիկանական հատուկ օպերացիան էլ կապված է եղել 1 օր առաջ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում տեղի ունեցած մոտ 20 կրակոցներ հետ, որի ժամանակ կրակոցներ էին արձակել 47-ամյա բնակչի տան ուղղությամբ։

Ոստիկանություն տեղափոխված Ժ․ Վարդանյանը տարիներ առաջ Երևանում՝ Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ Կենտրոնական բանկի հարևանությամբ, իր վարած «Mercedes G» մակնիշի «999 DO 99» համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել կին հետիոտնի։ Վերջինը տեղում մահացել էր, իսկ Ժ․ Վարդանյանը դեպքի վայրը լքել էր, նրա փոխարեն մեկ այլ քաղաքացի էր ոստիկանություն  ներկայացել ու հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, սակայն քննիչների ու ոստիկանների օպերատիվ ու ճիշտ աշխատանքի արդյունքում պարզվել էր, որ վրաերթը կատարել է Ժ․ Վարդանյանը, ում վերաբերյալ մեղադրական եզրակացություն էր կազմվել և գործն ուղարկվել էր դատարան։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 26-ին հերթական կրակոցներն էին տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում կրակոցներ են հնչել։

Տեղում պարզվել էր, որ կրակոցները արձակվել են Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի ուղղությամբ և ըստ նշված տան բնակիչ 47-ամյա Անահիտ Մ․-ի՝ իրենց հարևան 33-ամյա Հարութ Ա․-ի հետ նախկինում ունեցել են խնդիրներ ու Հարութ Ա․-ն մոտ 15-20 հատ կրակոց է արձակել իրենց վագոն-տնակի ուղղությամբ՝ վնասելով ապակիներն ու դիմացի հատվածը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չեն եղել:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Հարութ Ա․-ն հայտնաբերվել և ներկայացվել էր Մալաթիայի քննչական բաժին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին