Իսպանիայում բնակվող ՀՀ քաղաքացի Մուշեղ Բաբայանը դիմում- բողոք է ուղարկել ՀՀ ԱԳՆ թեժ գծին ՝ Իսպանիայում ՀՀ հյուպատոսարանի անօրինական ու թերի աշխատանքի վերաբերյալ: Դիմում-բողոքը ներկայացնում ենք ստորև.
Բարև Ձեզ։ Երկար եմ մտածել այս նամակը գրել-չգրելու մասին` սպասելով թե գուցե Իսպանաիայում ՀՀ հյուպատոսությունում մի բան կփոխվի։ Սակայն, վերջապես հասկացա, որ ոչինչ էլ չի փոխվելու։ Ասեմ նաև, որ հարկ եղած դեպքում իմ բոլոր խոսքերը կհաստատեն Իսպանիայի տարբեր քաղաքներում բնակվող ՀՀ քաղաքացիները։
Մինչ այս նամակը գրելը, ես հյուպատոսարանում հարց ու փորձ արեցի` տեղում դիմում գրելու համար, սակայն ինձ ասացին, որ բողոքների համար հարկավոր է դիմել ԱԳՆ թեժ գծին ու որ տեղում բողոք ընդունելու կարգ չկա։ Ինչի վրա ես խիստ կասկածում եմ։ Ինչևէ...
Հյուպատոսարանի մատուցած ծառայությունների թերություններն ու օրինախախտումները շատ են, սակայն ես հերթով կթվարկեմ դրանցից գլխավորները։ Դրանց հրատապ լուծումն ուղղակի անհրաժեշտություն է իսպանաբնակ հայերի համար։
Հյուպատոսարանում ամեն օր մարդկանց այնպիսի քանակի հոսք կա, որ հերթ է գոյանում։ Սա նորմալ է։ Բայց աննորմալ է այն, որ 21-րդ դարում դիվանագիտական բարձր աստիճան ունեցող կառույցն իր շենքի ներսում չի կարողանում կազմակերպել մարդկանց նորմալ հերթ կանգնելու հասարակ կարգուկանոնը։ Սպասասրահում հերթական համարը քաշելու համար մի հնամյա սարք է դրված։ Քաշում ես համարն ու սպասում։ Այնքան ես սպասում` լուսատախտակին նայելով, որ աշխատանքային օրն ավարտին է մոտենում։ Վերջապես հասկանում ես, որ այդ լուսատախտակն անտեր է` դրա վրայի թիվը (հերթական համար) չի փոխվում։ Ու դու ստիպված ես մարդկանց հարցուփորձ անել, թե ով որ համարն է։ Ու հենց այդ ժամանակ պարզվում է, որ մարդիկ կան, որոնք արդեն մտել են հյուպատոսի մոտ, հետո գնացել են բանկում մուծում են կատարել, ետ են եկել ու հիմա նորից պիտի մտնեն հյուպատոսի աշխատասենյակ, բայց նրանց ասել են, որ մուծումից հետո այլևս հերթ կանգնել պետք չէ։ Ընթացքում պարզվում է նաև, որ մարդկանց մի մասը համար քաշել է, բայց ինքն արդեն եկել է պատրաստի փաստաթուղթը ետ վերցնելու համար ու ինքն էլ ունի արտոնություն առանց հերթի մտնելու։ Եվ ահա հյուպատոսարանի սպասասրահում շշմած կանգնած ես ու չգիտես երբ ու ուր պիտի գնաս։ Ժամանակ առ ժամանակ ինչ-որ աղջիկներ են դուրս գալիս` աջ ու ձախ վազվզում ու նորից ներս մտնում։ Եթե հասցրեցիր բռնացրեցիր, գուցե կկարողանաս որոշ հարցեր պարզել։ Վերոնշյալ քաոսային վիճակից օգտվելով վերոնշյալ աղջիկները ինչ-որ մարդկանց սպասարկում են առանց հերթի։ Հավաքվածներից ոմանք դա չեն նկատում, ովքեր էլ, որ նկատում են` ժողովրդի լեզվով ասած զահլա չեն դնում։ Այս վիճակում բնականաբար աշխուժանում է այսպես ասած «շուստրի» զանգվածը ու հյուպատոսարանի սրահը վերածվում է Տիեզերքի Մեծ Պայթյունին նախորդած քաոսի։ Մինչդեռ այս քաոսից խուսափելու համար հարկավոր է ուղղակի հասարակ կարգ ու կանոն մշակել։ Առանձնապես բարդ բան չկա։
Գրեթե անհնար է հյուպատոսարանի հետ հեռախոսազրույց ունենալ։ Մեկ ամիս շարունակ ամեն օր կարող ես զանգահարել ու անընդհատ զբաղված է համարը։ Իսկ երբ պատահաբար միանում ես ու վերջապես բախտ է վիճակվում հղել քեզ հուզող հարցը։ Երկրորդ նախադասությանդ անմիջապես հետևում է հեռախոսին պատասխանող աղջկա հորթուբորդը։ Էնպես են հարձակվում մարդու վրա, էնպես են հորթուբորդ անում, կարծես այդ զանգահարողն իր ծառան է։ Եթե բախտդ բերեց ու հեռախոսին պատասխանողը ձախ ոտքի վրա արթնացած չեղավ, ապա կլսի հարցդ ու կպատասխանի, բայց պատասխանն այդ անպայման թերի կլինի։ Օրինակ`. եթե թվարկում է փաստաթղթերը, որոնք դու պիտի ներկայացնես հյուպատոսարան, ապա դրանցից գոնե մեկը անպայման պակաս պիտի ասի։ Ու եթե Բարսելոնայից, Վալենսիայից կամ մեկ այլ քաղաքից եկել հասել ես Մադրիդ, որ քո հարցերը լուծես, տեղում պարզում ես, որ դու լսողության հետ խնդիրներ ունես, որոնք նախկինում երբեք չես ունեցել։ Որովհետև քեզ անպայման կապացուցեն, որ ոչ թե իրենք քեզ չեն ասել, այլ դու ինքդ ուշադիր չես լսել։ Այստեղ հարկ է նշել, որ նմանատիպ դեպք տեղի է ունենում ամեն երրորդ մարդու հետ։ Հետևություն` կամ հեռախոսին պատասխանողները վատ են աշխատում կամ իսպանաբնակ հայերի մեկ երրորդը լսողական խնդիրներ ունի։ Հեռախոսակապի մասին հարկ է ավելացնել նաև, որ երբ գնում ես հյուպատոսարան պարզելու համար արդյոք քո գործը պատրաստ է, թե ոչ, սկսվում է հերթական հորթուբորդը` .«Ինչո՞ւ ես եկել, որ պատրաստ լինի, մենք կզանգենք էլի»։ Սակայն, պարտավոր ենք նշել նաև, որ շատ դեպքերում փաստաթուղթդ վաղուց պատրաստ է, բայց քեզ կա՛մ ալարել են զանգահարել, կա՛մ էլ` մոռացել են։ Ու նմանատիպ դեպքերում քեզ ասում են.«Մենք Ձեզ զանգահարել ենք, դուք չեք պատասխանել։ Համ էլ մի հատ դուք փորձեիք զանգահարել»։ Դե արի ու բացատրի, որ ձեր հեռախոսին զանգահարելը եռագլուխ դևին սպանելուն հավասարազոր հերոսություն է։
Նախկինում ՀՀ ԱԳՆ թեժ գծից տեղեկացել եմ, որ ցանկացած փաստաթուղթ, որը տրամադրում է հյուպատոսարանը, ունի պատրաստման հստակ նվազագույն ու առավելագույն ժամկետ։ Սակայն, հյուպատոսարանի աշխատակիցները երբեք մեզ ժամկետներ չեն ասում ոչ մի տեսակի փաստաթղթի համար։ Ասում ենք. «Լավ, ասացեք, թե առավելագույնը որքան ժամանակ հետո կլինի իմ փաստաթուղթը»։ Ասում են, որ հաստատվաժ ժամկետ չկա ու իրենք չեն կարող ասել, որովհետև իրենցից ոչինչ կախված չի։ Երբ իրենց ասում ես, որ ՀՀ ԱԳՆ կայքից կամ թեժ գծից տեղեկացել ես, որ այսինչ կամ այնինչ փաստաթղթի համար որոշակի ժամկետ կա ու արդեն այդ ժամկետը վաղուց անցել է, մեկ օր հետո զանգահարում են, թե արի՛, գործդ եղել է։
Թերևս այսքանը։ Հարցեր շատ կան, բայց կարծում եմ էականն այստեղ պատկերի մասին նկարագիրն է, որն էլ փորձեցի անել։
Խնդրում եմ` լուծել վերոնշյալ հարցերը, հյուպատոսարանում կարգ ու կանոն հաստատել, հյուպատոսարանի բոլոր աշխատակիցներին անպայման տեղեկացնել, որ իրենք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, այսինքն ՀՀ քաղաքացուն։ Այսինքն իրենք պարտավոր են բարեացկամորեն ու հեզաբար մեզ ծառայություններ մատուցել` հիմնվելով ՀՀ Սահմանադրության վրա։
Խնդրում եմ` անպայման լուծել այս հարցը։ Այս նամակը` Ձեզ ուղարկելուն զուգահեռ, ուղարկելու եմ նաև տարբեր լրատվամիջոցների ու բլոգների։ Այնպես որ` սպասում եմ Ձեր պատասխանին, քանի որ հարցը չլուծվելու դեպքում, վախենում եմ, որ նորից մեր կեղտոտ լվացքը դուրս գա Եվրոպա։
Կանխավ շնորհակալ եմ ու համոզված եմ, որ հարցի լուծման դեպքում ամբողջ Իսպանիայի հայությունը շնորհակալ պիտի լինի: