▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիրքը պահում եմ այն երեխայի համար, ով քնած է. հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արմեն Հովհաննիսյանին

Այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին: Միջոցառումը գրադարանային շաբաթվա մեկնարկն էր: Ներկա էին Արմեն Հովհաննիսյանի հարազատները, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ամենաավագ մահապարտ Սպարտակ Մաթևոսյանը, գուսան Հայկազունը, այլ հյուրեր...

1 րոպե լռությամբ ներկաները հարգեցին Արմեն Հովհաննիսյանի հիշատակը, և դահլիճում թևածեց հերոսական ոգին…

«Ասում են՝ հայ մայրերը որդիապաշտ են, և դա  ճշմարտություն է: Ես դա թերություն չեմ համարում, ես ինքս  էլ այդպիսին եմ: Դա պարզապես հայ մայրերն բնորոշ առանձնահատկություն է:  Տղայիս ծնունդն իսկական հրաշք էր մեր գերդաստանում: Որդիս ծննդյան պահից դարձավ իմ աշխարհի կենտրոնը:  Նա փարթամ, գեղեցկադեմ, աշխույժ երեխա էր: Ծիծաղը երեսից չէր իջնում»,- Արմենի մասին հուշերով իր խոսքը սկսեց հերոս զինվորի մայրը՝ տիկին Մարինեն, ապա հավելեց.

«Այսօր  իմ տղան հանգչում է փառքի պանթեոնում՝ բոլոր այն քաջազուն հայորդիների կողքին, ովքեր իրենց սեփական արյունով գծեցին մեր հայրենիքի նսահմաները»:

Խոսելով թուրքերի՝ դեռևս անցյալ դարից սկիզբ առած վայրագությունների, ադրբեջանցի ստահակի կողմից  Եվրոպայի սրտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու և մերօրյա թուրքի կերպարի մասին, հերոսի մայրը նշեց, որ  հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ևս նույն ծանոթ ձեռագիրն էր: Եվ սարսափելի է անգամ մտածել, թե ինչ տեղի կունենար, եթե թշնամին դիմադրության չհանդիպեր:

«Որդիս,  ատամերը սեղմած,  անցավ անհավասար մարտի թշնամու դեմ:  Նա նույնիսկ կարողացավ սանձահարել սեփական սարսափը: Իսկ մենք հասկանում ենք՝  չկա այնպիսի մարդ, որ չվախենա: Նրա մեջ ինչ-որ գերբնական ուժ էր արթնացել: Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս ինչ-որ առաքելությամբ: Իմ որդու առաքելությունն ավարտվեց այն պահին, երբ իր սեփական արյունով գծեց հայրենիքի սահմանի այն հատվածը, մի քանի մետրը, որի պաշտպանությունը հանձնված էր իրեն և ընկերներին»,- նշեց տիկին Մարինեն, ապա հավելեց.

«18-20 տարեկան տղաները խրամատում մեծանում են: Սկսում են կյանքին այլ  աչքերով նայել: Տղաս էլ էր այդպիսին դարձել: Գիտեք՝ Արմենի մարտական ընկերները մեզ հետ կիսվեցին  հուշերով, և ես սարսափում էի՝  լսելով  նրանց զրույցները:  Մի՞թե դրանք 19 տարեկան տղայի խոսքեր էին: Մի՞թե  նրա սիրտն ինչ-որ բան է կանխազգացել: Զրույցներից մեկի ժամանակ Արմենն այսպիսի խոսք է ասել, որ  վախենում է անիմաստ մեռնելուց: Եվ սա ասել է ընդամենը 19 տարեկան տղան: Ես սարսափած էի: Հիմա իմ ձեռքում են նժդեհյան ասույթները, որոնցից մեկը հետևյալն է՝  «ճշմարիտ  հերոսը ճանաչում է մի հատիկ մահ. դա փոքրիկ մահով մեռնելու վախն է»:  Մեկ ուրիշ անգամ Արմենին հարցրել են,թե ինչու է պահում դիրքը, այդ հարցին նա հստակ պատասխան է տվել: Ասել է, որ դիրքը պահում է այն երեխայի համար, ով քնած է, և իր համար նշանակություն չունի այդ երեխան Մարտակերտում  է,  թե՞ Երևանում»:

Արմենը մի առիթով ընկերներին ասել էր, որ  երազում է զորամասում մատուռ կառուցել, իսկ դիրքերում խաչքար տեղադրել: Տիկին Մարինեն տեղեկացրեց, որ Արմենի հայրն իրականանցում է նրա երազանքը: Խաչքարերից մեկը կտեղադրվի Արմենի զորամասում, մյուսը՝  դիրքերում: Իսկ խաչքարի վրա գրված է Արմենի՝  արդեն հայտնի միտքը՝ «Բոլորդ դիրքապահ տղերքը թագավոր տղերք են»:

«Երբ թշնամին կրկին փորձի հատել մեր սահմանը, թող ծեծված շան նման ետ շպրտվի…. արմենների կողմից»,- իր խոսքը եզրափակեց հերոսի մայրը:

 Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին  հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել էին  կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել էր  կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության համար Արմեն Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից՝  «Արիության համար» մեդալներով:

Փառք Արմենին և հայրենիքի համար կյանքը զոհած բոլոր հերոսներին

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին