▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուշանբեում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Տաջիկստանի նախագահը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու դրանց նոր թափ հաղորդելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության ոլորտում կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացումը: Գործադիրի ղեկավարի խոսքով` Հայաստանը կարևորում է փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների, ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն միավորումների շրջանակում հետագա համագործակցությանը:

Երեկոյան վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին:

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին մասնակվցելու է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել` գրելով. «Հասա Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին»:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին