ASEKOSE.am–ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է երգչուհի Էլլա Տարունցը:
-Ինչպիսի՞ն է հիշում իրեն Էլլան մանկության տարիներին:
- Շատ ակտիվ, միևնույն ժամանակ, ինքնամփոփ աղջնակ եմ եղել: Դպրոցում գերազանց չեմ սովորել: Սովորել եմ, երբ ցանկություն եմ ունեցել: Նաև բավականին չարաճճի եմ եղել:
-Ի՞նչն է Ձեզ ուրիշների համար օգտակար դարձնում:
-Ես ինքս: Մարդկանց կյանքում ներկա լինելով` արդեն օգտակար եմ նրանց համար, եթե վերջիններս լավ մարդիկ են:
-Ի՞նչն է Ձեզ առանձնացնում մյուսներից:
-Նվիրվածությունս, մեծահոգի լինելս և լավատեսությունս:
-Չելենտանոն մի առիթով ասել է. «Հավատը ամենահիանալի շնորհն է, որ տալիս է մեզ Աստված` իրեն տեսնելու համար»: Ինչի՞ն է հավատում Էլլա Տարունցը:
-Նա հավատում է միայն Աստծուն, միայն նրա տված պարգևներին` առանց մարդկային միջամտության: Ես հավատում եմ, որ Աստված ինձ տվել է կյանք, որ երջանիկ ապրեմ:
-Իսկ ի՞նչ նկատի ունեք` «երջանիկ ապրել» ասելով:
-Ունենալ առողջ ընտանիք ու քո սիրած մասնագիտությամբ աշխատանք:
- Այս պահին երջանի՞կ եք:
-Որոշակի թերություններ կան իմ սահմանած «երջանկության բանաձևի» մեջ. այսինքն` ես շատ լավ բալիկ ունեմ, բայց չունեմ մեծ ընտանիք, չնայած` երկու հոգով շատ երջանիկ ենք, բայց եթե լիներ մեծ ընտանիք, ավելի լավ կլիներ:
Զբաղվում եմ իմ սիրած մասնագիտությամբ, ուղղակի ավելի լավ կլիներ համերգներս ավելի մեծ շառավիղներ ունենան: Այսինքն` ունեմ այն ամենը, ինչի մասին երազում եմ, ուղղակի ծավալն է պակաս:
- Իսկ ինչի՞ց եք վախենում:
-Մարդկանց նկատմամբ հավատս կորցնելուց ու մի քիչ էլ ինքնաթիռից (ժպտում է):
-Ու՞մ և ինչի՞ համար է շնորհակալ Էլլան:
-Բոլոր նրանց, ովքեր զուրկ են փառասիրությունից: Ամենաշատը շնորհակալ եմ Արարչին` ինձ այնպիսի հատկանիշներ շնորհելու համար, ինչպիսիք են մարդկանց հասկանալը, ընկալելն ու ներելը: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր մարկային հարաբերությունների մեջ նույն կերպ են մտածում:
Շնորհակալ եմ իմ ընկերներին. մարդկանց, ովքեր ինձ չեն ցավեցնում, քանի որ լինելով շատ խոցելի մարդ`շատ դժվար եմ տանում այդ ամենը:
- Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից , ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել:
- Շատ են այդպիսիք: Օրինակ` մի ժամանակ ասում էին, որ ես թմրանյութեր եմ օգտագործել: Երիտասարդ տարիքում ջղայնանում էի, բայց հիմա հիմար մարդկանց վրա այլևս չեմ զայրանում:
-Կոկո Շանելը մի առթով ասել է` ինձ հետաքրքիր չէ ձեր կարծիքն իմ մասին, ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում: Իսկ ի՞նչ դեր ունի դիմացինի կարծիքը Ձեզ համար:
-Կարծիքներ լսել սիրում եմ, սակայն ընդունում եմ դրանց շատ քիչ մասը: Իմ կյանքի փորձը այս առումով շատ խիտ եղել, ուստի կարծիքների կարիք համարյա թե չեմ ունեցել:
-Ի՞նչն է որոշիչ եղել մասնագիտության ընտրության հարցում:
-Նախ այն, որ ես ստեղծագործող մարդ եմ: Ու ստեղծագործությունս, ի վերջո, ինչ-որ մեկը պետք է լսեր. 1-ը դարձավ 10, 10-ը` 100 ու այդպես շարունակ: Իսկ աշխատանքային տարիների ընթացքում հասկացա, որ իմ երգը սիրողներ շատ կան, ինչի համար շատ ուրախ ու երջանիկ եմ, քանի որ անիմաստ չեմ ստեղծագործում ու կատարում:
-Կյանքը պայքար է… իսկ հանուն ինչի՞ է Ձեր պայքարը:
-Երբեք չեմ սիրում պայքարել, հասարակ օրինակ բերեմ` նույնիսկ մրցույթների չեմ մասնակցում: Ես շատ խաղաղ եմ այդ առումով, քանի որ ապացուցելու ոչինչ չունեմ. երգում եմ, ստեղծագործում, ուրախանում, երազում ու փորձում հասնել երազանքներիս:
-Կթվարկե՞ք 5 իրավիճակ, որոնք շատ եք սիրում:
-Սիրում եմ ճամփորդել, շատ եմ սիրում իմ գրած երգերը երգել, սիրում եմ տղայիս հետ ֆիլմ նայել, շատ մոտ ընկերներիս հետ մեր տանը վիսկի խմել, և ի վերջո, շատ եմ սիրում ծաղիկներ աճեցնել ու ամեն առավոտ զրուցել նրանց հետ:
-Ինչի՞ն եք առավել հաճախ կարոտում …
-Կարոտում եմ իմ կյանքում տեղի ունեցած մի քանի օրերի: Կարոտում եմ տարիներ առաջվա Էլլային, քանի որ տարիների ընթացքում պայքարելու ու պաշտպանվելու համար իմունիտետ ես ձեռք բերում վատ բաների նկատմամբ` դրան զուգահեռ դառնալով ոչ անկեղծ: Իսկ տարիներ առաջ ես շատ ավելի թափանցիկ էի, քան հիմա:
Հեղինակ` Անի Բեքիրյան