▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմությունն անելիք չունի, քանի որ իշխանությունների պես բարոյազրկված է. քաղաքագետ

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում ամփոփվեցին  ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները. եվ այսպես՝ ձայների 101 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս առաջադրվել էր, սակայն ինքնաբացարկ հայտարարեց, իսկ ինքնաառաջադրված  ՀԱԿ խմբակցության  պատգամավոր Հրանտ Բագրատյանն ստացել է ընդամենը 3 կողմ քվե:   ՀԱԿ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ չեն պատրաստվում քվեարկել Հրանտ Բագրատյանի օգտին,  քանի որ վերջինիս  ինքնառաջադրումը համաձայնեցված չի եղել իրենց հետ։ 

 ԱԺ նախագահի ընտրության արդյունքների, ոչ իշխանական ուժերի պահվածքի և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ.

-Պարոն Շաքարյանց, սպասելի՞ էին այս արդյունքները:

- Ընդդիմության մասին իմ տեսակետը վաղուց հայտնի է: Այսօր պաշտոնական և ոչ պաշտոնական  ընդդիմությունը Հայաստանում անելիք չունի, քանի որ իշխանությունների պես բարոյազրկված է՝ տարբեր պատճառներով: Ամեն մի քաղաքական ուժ իր բարոյազրկման և արժեզրկման  պատճառներն ունի:  Անհասկանալի է՝ հայաստանյան ԶԼՄ-ները կամ առհասարակ ժողովուրդը  ինչ են  սպասում ընդդիմությունից, որը նախագահական ընտրություններից հրաժարվել է: Ոչինչ պետք չէ սպասել ոչ տեր-պետրոսյանական կոնգրեսից, ոչ ԲՀԿ-ից, ոչ նամանավանդ ՕԵԿ-ից: ՕԵԿ-ը 10 անգամ ասում է՝ ընդդիմադիր եմ, նույնքան անգամ մտնում կոալիցիա: «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության անդամները դուրս են  գալիս խմբացկությունից, կամ հետ են գալիս: Բավական է, ոչինչ մի սպասեք այս մարդկանցից: Բոլորը վարկաբեկված են:  Միթե այս ամենը բավարար չէ հասկանլու համար, որ սխալ է որևէ դրական փոփոխություն սպասել: Որևէ հույս  կամ երազանք չի կարելի կապել այս մարդկանց հետ: Բոլորը վաղուց բարոյազրկված են և իրենց անձնական ամբիցիաներն են առաջ են քաշում, իսկ  հասարակության մտահոգությունները մնում են անտեսված:  

Թքած ունեն բոլորիս վրա:  Մենք իրենց պետք ենք միայն ընտրությունների ժամանակ, որ գան  5000 դրամ խոստանան: Վերջ: Էլ ինչ կարելի է սպասել: Զարմանալի չէր, որ այսպիսի արդյուքներ ունենք:

-Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրվելու մասին ի՞նչ կարծիքի եք:

-Բագրատյանը նախկին պաշտոնյա է: Ես ընդհանրապես չեմ հավատում նախկին պաշտոնյաների ընդդիմադիր լինելուն: Պատճառն այն է, որ այս համակարգի ստեղծողները հենց նրանք էին: Այն ամենն, ինչ այսօր տեսնում եք,  ստեղծել են  ՀՀՇ-ի բոլոր ներկայացուցիչները:  Մենք շարունակում ենք ՀՀՇ-ի իշխանության տակ ապրել: Պետք է գիտակցել՝  համակարգը չի փոխվել, փոփոխվում են միմիայն  անուններ, համակարգը մնում է անփոփոխ է,  ինչը նույն ՀՀՇ-ն է: Ինչ տարբերություն՝ ՀՀՇ-ն կոչվի ՀԱԿ, ՀՀԿ, թե՞... էությունը չի փոխվել:  Որովհետև ձեռնտու չէ մարդկանց: Իրենց ձեռնտու է մոլորեցնել, խաբել, ներկայանալ տարբեր դիմակներով, նմանվել ընդդիմության:

Գոյություն ուներ միայն  մեկ կուսակցություն, որը կարող էր այս իրավիճակում իրական ընդդիմություն լինել, բայց այն վերացրել են վաղուց:  Չնայած միշտ շատ խիստ հակակոմունիստ եմ եղել և կամ, բայց միայն այդ կուսակցությունը՝ Սերգեյ Բադալյանի կենդանության օրոք, կարող էր  դառնալ լիակատար ընդդիմադիր ուժ, որը կառաջարկեր այլ քաղաքական օրակարգ: Սակայն մեր իշխանություններն ամեն ինչ արեցին, որ կոմկուսը վերածվի  գոյություն չունեցող քաղաքական ուժի:  

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին