▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ-ի ուսխորհուրդը ամենևին էլ քաղաքականացվա՞ծ չէ

Օրեր առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել էր Կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված թերացումներն ու դրական զարգացումները։ Օմբուդսմենի տարեկան զեկույցում այս ոլորտում արձանագրված թերացումներից մեկն ուներ հետևյալ բովանդակությունը.«Լուրջ մտահոգության տեղիք է տալիս, որ որոշ ԲՈՒՀ-երում գործող ուսանողական խորհուրդները քաղաքականացված են, ինչը ծայրահեղ բացասական ազդեցություն է ունենում ուսանողների շահերի վրա»: ASEKOSE.am-ը փորձեց առավել  մանրամասնորեն անդրադառնալ այս խնդրին: 

ՄԻՊ գրասենյակի քաղաքացիական ու քաղաքական իրավունքների վարչության պետ Մանուշ Միրզոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսանողական խորհուրդների առաքելությունն ուսանողների շահերը պաշտպանելն է. «Վերջիններս կոչված են պաշտպանելու ուսանողների շահերը և որոշակի խնդիրներ լինելու դեպքում դրանք ներկայացնել պրոֆեսորադասախոսական կազմի նիստերում. ուսխորհուրդների քաղաքականացված լինելն իրենց իրավասության մեջ չի մտնում»: Նա նաև հավելեց, որ ԿԳ նախարարությունը ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու իրենց հարցադրմանը ընդհանրապես չի արձագանքել: ASEKOSE.am-ը ևս փորձեց այս խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այս պահին դեռևս չի ցանկանում մեկնաբանել Օմբուդսմենի զեկույցը:

Մանուշ Միրզոյանը նշեց, որ տարեկան զեկույցը կազմվում է ոչ միայն իրենց մոտ առկա դիմում-բողոքների հիման վրա, այլև` մամուլում հրապարակված չհերքված տեղեկությունների ու ՀԿ-երի հետ ակտիվ համագործակցության արդյունքում. Թե կոնկերտ որ բուհերում են գործում քաղաքականացված ուսխորհուրդներ, Մ. Միրզոյանը մատնանշել չցանկացավ:

Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար ASEKOSE.am-ը  կապ հաստատեց ՀՀ մի քանի բուհերի հետ:

Այս հարցի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան` Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան մամլո ծառայությունից տեղեկացրին, որ մատնանշած հարցերով զբաղվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և այս առաջարկեցին դիմել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:

Իսկ Երևանի պետական համալսարանից հավաստիացրեցին, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է և համաձայն ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության` որպես ՈՒԽ նախագահ չի կարող առաջադրվել այն անձը, ով անդամակցում է որևէ կուսակցության: «ԵՊՀ ՈՒԽ նախագահը և նախագահության անդամների ճնշող մեծամասնությունը չի անդամակցում որևէ կուսակցության, թեև, որպես ՀՀ քաղաքացի, նրանք ազատ են անդամակցելու»,-տեղեկացրին մամուլի ծառայությունից` հավելելով. «Ներկայումս 25 նախագահության անդամներից 2-ն ունեն կուսակցական պատկանելիություն (երկուսը նույն կուսակցությանը չեն անդամակցում)»:

Իսկ թե ի՞նչ անդրադարձ է ունենում ԵՊՀ ուսանողության վրա ուսանողական խորհրդի անդամների կուսակցական պատկանելությունը, բուհի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տեղեկացրին, որ այս փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում ԵՊՀ-ում նրանց աշխատանքներին և այդ պատճառով նույնիսկ ներհամալսարանական ակտիվ մասնակցություն ունեցող ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակիցները տեղյակ չեն այդ կուսակցական պատկանելության մասին: «ԵՊՀ-ում նշված խնդիրը չունի որևէ դրսևորում և բնականաբար չի կարող որևէ բացասական ազդեցություն ունենալ ուսանողների վրա: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշված դիտարկումը որևէ աղերս չունի ԵՊՀ ուսանողական խորհրդի հետ»: 

ASEKOSE.am-ը այս հարցում հետևողական կլինի և հետագայում կփորձի կապ հաստատել նաև ՀՀ-ում գործող մյուս բուհերի հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին