▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էքստրաօրդինար» սխալ. «Հրապարակ»

«Տարեսկզբից բանկերում խուճապ է։ Սկսվել է խոշորացման գործընթաց, որը կապված է դրանց ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը բարձրացնելու՝5 միլիարդից 30 միլիարդ դարձնելու մասին ԿԲ որոշման հետ։ Ըստ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ այս որոշման արդյունքում 7-8 բանկ է փակվելու։

Հրանտ Բագրատյանին, որն այս որոշումն «էքստրաօրդինար» սխալ է համարում, խնդրեցինք բացահայտել դրա ընդունման տրամաբանությունն ու հնարավոր հետեւանքները։

Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով ԿԲ-ն Նոր տարվա շեմին նման, անաղմուկ եւ անսպասելի  բան արեց։

Կարելի է մի քանի բան կարծել։ ԿԲ-ն հայտարարել է, որ սա կոնսոլիդացիայի նպատակով է։ Ի՞նչ կոնսոլիդացիա, անհասկանալի է։ Իբր թե մեր ավանդները կարճաժամկետ են, վարկերը կարճաժամկետ են. եւ սա թույլ կտա, որպեսզի լինեն խոշոր բանկեր, ռիսկերը փոքրանան, եւ երկարաժամկետ ծրագրերը ֆինանսավորվեն։ Բայց բանն այն է, որ երկարաժամկետ ֆինանսավորման համար գոյություն ունի ներդրումային բանկերի ինստիտուտ, որը մեր ԿԲ-ն մինչեւ հիմա չի զարգացրել։ Բանկերն առեւտրային վարկավորման համար են, ոչ թե ներդրումների։

Փաստորեն այն գործարարները, որոնք փոքր գումար ունեն եւ կարող են վարկավորել, ասենք, գյուղացիական տնտեսությունների, այլեւս չեն կարող դա անել։ Չէ՞ որ սա վնաս է նաեւ տնտեսության համար։

Իհարկե, այսօր, կոպիտ ասած, բոլոր բանկերի ընդհանուր կապիտալը 500 մլրդ դրամ է։ Այս փոփոխություններից հետո մոտ 650 կլինի։ Հիմա 150 մլրդ դրամ փողը, որը 300 մլն դոլար է, ոչ թե կգնա տնտեսության զարգացմանը, այլ կնպաստի, որ մենք էլ ավելի «գերապահով» բանկեր ունենանք, որոնք էլ ավելի բարձր տոկոսով վարկեր կտան։

Այսինքն, վարկավորման դաշտը չի լայնանա։

Ոչ։ Բացարձակ անտեղի, կոպտագույն սխալ, եւ ես, ճիշտն ասած, չէի էլ հավատում, որ Հայաստանը կհամարձակվի նման բան որոշել։ Հայաստանի տնտեսության ազատական ինդեքսը 2016թ. համար այն միանգամից կիջեցնի 10-12 կետով»:

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին