«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Օրերս նորաձևության աշխարհը ցնցեց` մանկապղծության մոտիվներով շինված մի սկանդալ, որն իրականում երկու մրցակից խմբերի հերթական բախումն էր, բայց ահագին հետաքրքիր դրվագներ հիշեցրեց: Բուն սկանդալի առաջին ալիքը կապված է նրա հետ, որ «Balenciaga» բրենդի գովազդային արշավում օգտագործվել են հղումներ մանկական պոռնոյին: Հետաքրքիրը սակայն երկրորդ ալիքն էր, երբ դավադրապաշտական խմբակները սկսեցին թարգմանել բրենդի անունը լատիներեն:
Պարզվեց, որ լատիներեն «Baal enci aga» նշանակում է Բաալն է արքան: Բաալն էլ դե հին կտակարանի դևերից մեկն էր և հայտնի էր այդ թվում Բելզահաբ անունով ու խորհրդանշում էր բղջախոհությունը: Բաալն ի սկզբանե իսրայելցիների հիմնական աշխարհաքաղաքական մրցակից` քանանացիների աստվածն էր, որը երբեմն ներկայացվում էր մարդու մարմնով ու գոմեշի գլխով: Ըստ իսրայելցիների` նա շատ չար էակ էր, ում օրհնանքը վաստակելու համար քանանացիները երեխաներ էին զոհաբերում (ըստ ամենայնի սա` քաղաքական նպատակով տարածված ապատեղեկատվություն էր): Գոմեշի գլուխն առհասարակ հաճախ է օգտագործվում որպես հակաքրիստոնեական կամ սատանիստական խորհրդանիշ, սակայն քչերը գիտեն, թե որտեղ է այդ խորհրդանիշի ակունքը:
Կրոնական առումով գոմեշը կամ, ինչպես մեզ մոտ է թարգմանվում` հորթը, այն կուռքն էր, որ իսրայելի ժողովուրդը սարքեց իրենց զարդերից (ոսկուց) որպեսզի պաշտելու առարկա ունենա այն բանից հետո, երբ առաջնորդ Մովսեսը լքեց իր ժողովրդին ու բարձրացավ Սինայ լեռը: Քառասուն օր առանց Մովսես մնալուց հետո ժողովուրդը խնդրում է Ահարոնին ստեղծել ոսկե հորթ, որին նրանք պաշտում էին` Եգիպտոսում ստրուկ եղած ժամանակ, և որն ըստ էության ճոխ ու անհոգ կյանքի խորհրդանիշն էր:
Մեր Մովսեսն էլ Սինայ լեռան գագաթին Աստծուց ստանում է 10 պատվիրանները, որտեղ հենց սկզբից ասված է, որ աստված մեկ է, և որ աստված թույլ չի տալիս կուռքեր ստեղծել: Պատվիրանները ստանալուց զատ Սինայում եղած ժամանակն օգտակար էր Մովսեսի համար այն առումով, որ օգնեց լյուստրացիայի ենթարկել իր ժողովրդի միջի հոգով ստրուկներին: Երբ նա Սինայից իջավ, անմիջապես հրամայեց ոսկե հորթին ոչնչացնել, ու հավելեց՝ «և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջը, յուրաքանչյուրը՝ իր մերձավորին» (Ելք 32:27): Սա էր պատիժը կռապաշտության համար:
Ոսկե հորթի կերպարը հին աշխարհում շատ էր տարածված: Եգիպտոսում սրբազան ցուլի անունն էր «Հապիս», շումերների մոտ անունն էր «Մարդուկ», հդնիկների մոտ սրբազան կովի անունն էր «Նանդի», իսկ փյունիկացիների մոտ՝ «էլ» (կհիշեք Հայաստանում ճոխությանը նվիրված տենց մի ամսագիր էլ կար): Քրիստոնյաների, կամ, այլ կերպ ասած, «աստծո գառների» համար այս գոմեշը չար ուժերի խորհրդանիշ էր հռչակվել, քանի որ կրոնական իմաստով կռապաշտությունն էր ներկայացնում, իսկ փիլիսոփայական առումով ժլատության, անհնազանդության ու հպարտության խրախուսիչ էր: Գոմեշին պաշտելով` մարդիկ իրենց կուռքից հարստություն ու ճոխություն էին խնդրում` նրան զոհաբերելով իրենց զարդերն ու դրամը, ինչը ուղղադավան քրիստոնեայի համար «պիտնո ա»` մեղմ ասած: Ի հակառակ քրիստոնեական հեզության և խոնարհության դոգմային գոմեշը խորհրդանշում է հպարտ, անհնազանդ կերպարը: Եթե քրիստոնյան երկնքի արքայությունում հայտնվելու համար պետք է հալածվի հանուն ճշմարտության, ապա գոմեշը ապրում է հաղթելու համար, հանունը տվյալ դեպքում էական չէ:
Նենց որ հաջորդ անգամ, երբ օրինակ Դեն Բիլզերյանի վեյփը ծծեք, նկատի ունեցեք, որ դրա վրա նկարված գոմեշի գլուխը տուրք է մի գաղափարախոսության, որը որպես կյանքի իմաստ հռչակում է ամեն գնով փող կուտակելն ու կայֆավատ լինելը: Դա է իրենց բարձրագույն արժեքը: Արժեք, որը միշտ տանում է ստրկացման:
Ու հիշե´ք` Մովսեսի բացակայությամբ գոմեշի բախչեքը մի ընկեք, մի ձգտեք ամեն գնով հաղթելուն, մի նվիրեք ձեր կյանքը հաճույքներին, և ամենակարևորը՝ մի հպարտացեք, այս ճանապարհը տանում է միայն ստրկացման... Մովսեսը 40 օր հետո գալու ա, ստիպված լավներդ ծռի...