▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ տգիտությունը սպառնալիք է և կարող է մեծագույն չարիք դառնալ բոլորիս համար...

Եվս մեկ անգամ համոզվում եմ, որ պետական համակարգում պրոֆեսիոնալիզմի և տարրական գիտելիքների բացակայությունն իսկապես սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը և կարող է մեծագույն չարիք բերել բոլորիս, եթե իհարկե արդեն չի բերել:
Վերը նշվածի վառ ապացույցն է  հարցազրույցը, որում Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը/Հովհաննես Սահակյան/ հաստատապես մի քանի անգամ պնդում է, որ համաներումը գտնվում է բացառապես երկրի նախագահ Սերժ Սարգսյանի իրավասությունների շրջանակներում:
Ես իհարկե հասկանում եմ, որ մեր երկրում այնպիսի մթնոլորտ ու պայմաններ են ստեղծվել, որ անգամ “ԺԵԿ’’-ի պետի նշանակումն է պայմանավորված երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ցանկությամբ, բայց սա այն դեպքն է, երբ իսկապես չեմ կարող չարձագանքել, քանի որ մարդկայնորեն այս ամենն ինձ համար իսկապես անընդունելի է:
Անձնապես ոչինչ չունենալով նշված անձի դեմ, ավելին, գտնելով, որ այս ամենն առաջին հերթին հենց իր ողբերգությունն է, այդուհանդերձ` զայրույթս մեղմելու համար ցանկանում եմ արձագանքել իրենց լեզվով, որպեսզի գոնե ենթագիտակցորեն այս ցավալի իրողությունը թեթև և ծիծաղով կարողանանք մարսել:
-Ա՛յ տղա, հլը գեներալ Սեյրանն ու Շմայսն ասեին, ջայնամ, կռված տղերք են, ինչպես իրենց ավագ ընկեր գեներալ Մանվելն է ասում, իրենք պետությունն են, կհասկանայինք, բա դու` հանրապետական իշխող կուսակցության անդամ, ըստ քո կենսագրականում ներառված տեղեկության` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտած, վերջապես` երկրի օրենսդիր մարմնի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, չե՞ս ամաչում, որ նման անիրազեկությամբ թյուրիմացության մեջ ես գցում հասարակությանը:
Դու չգիտե՞ս, որ ՀՀ սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ՀՀ Ազգային ժողովն է հայտարարում համաներում` Հանրապետության նախագահի առաջարկությամբ: Այսինքն` Հանրապետության նախագահը կարող է միայն առաջարկել, որոշողը դու ես, և քո նման ևս 130-ը:
Դու չգիտե՞ս, որ Ազգային Ժողովը կարող է նաև չընդունել Հանրապետության նախագահի առաջարկությունը:
Եթե չգիտես, կարող ես ծանոթանալ նույն սահմանադրության 72-րդ հոդվածին:
Իսկ եթե գիտես, ու քծնում ես` ամեն ինչ վերապահելով երկրի նախագահին, այդ կերպ նաև ստորացնելով Ազգային Ժողովի լիազորությունները, ամոթ է, եթե իսկապես չգիտես ու խոսում ես` կրկնակի ամոթ է…
Եվ վերջում, այսօր դուք չե՞ք, որ խոսում եք սահմանադրական բարեփոխումների մասին ու ցանկանում, որ մեր երկիրը դառնա խորհրդարանական կառավարման երկիր, որտեղ Ազգային Ժողովի դերը լինելու է ավելի ծանրակշիռ, քան այսօր է…

Հ.Գ.

Դուք իրոք վաստակե՞լ եք այդ արժանիքը, որ Ձեր գործունեության արդյունքում մենք մշտապես ամաչենք….եթե այո, ապա որքա՞ն ժամանակ…

 

Նորայր Նորիկյան

իրավաբան, փաստաբան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին