Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 14-րդ գագաթնաժողովին, խոսել է Արցախից և Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական իրադարձությունների մասին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով Anadolu լրատվականին։
Խոսելով արցախյան վերջին պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից, Էրդողանը պնդել է, թե Թուրքիայի գլխավոր խնդիրը Ղարաբաղում անվտանգության ապահովումն է։
«Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունները կարող ենք ամրապնդել մեր անվտանգությանը և կայունությանը ուղղված սպառնալիքները չեզոքցնելու միջոցով: Հավատում եմ, որ որպես կազմակերպություն նույնպես այս գործընթացում Ադրբեջանիի հետ ամբողջական համերաշխության մեջ կլինենք: Հույս ունենք, որ Հայաստանն էլ իր կատարելիք խաղաղությանը միտված քայլերով տարածաշրջանային կայունությանը մաս կկազմի»:
Այնուհետև, ակնարկելով Հայաստանի ներքաղական վերջին լարված իրադարձությունները, Էրդողանը նշել է.
«Ցանկանում եմ կրկնել, որ մենք երբեք չենք ընդունել և չենք ընդունելու ժողովրդի կամքը առոչինչ համարող հակաժողովրդավարական միջամտությունները»:
Հիշեցնենք, որ Էրդողանը մի քանի օր առաջ էլ էր սադրող հայտարարություն արել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին՝ որակելով դրանք որպես «հեղաշրջման փորձ»։